Կարևոր իրադարձություններ

Թրամփը 2020թ. ընտրություններում իր հաղթանակն է կանխատեսել

21 Մայիս, 2019 10:56
Թրամփը 2020թ. ընտրություններում իր հաղթանակն է կանխատեսել

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Փենսիլվանիա նահանգում հերթական հանրահավաքն է անցկացրել իր աջակիցների հետ, որի ժամանակ խոսվել է 2020թ. նախագահական մրցապայքարի համար նոր կարգախոսի մասին:

Նախագահի աջակիցներն առաջարկել են «Ամերիկան հզոր պահենք» տարբերակը, որը դուր է  եկել նախագահին:

Ինչպես նշում է Daily Mail-ը, այն Թրամփի 2016թ. նախագահական մրցապայքարի կարգախոսի՝ «Ամերիկան կրկին հզորացնենք»-ի փոփոխված տարբերակն է, որն ակնարկում է, որ Թրամփի պաշտոնավարման ընթացքում երկիրը հզորացել է, ու այժմ հարկավոր է այդ վիճակը պահպանել:

Իր ելույթի ժամանակ գործող նախագահն ասել է, որ մյուս մրցակիցներին հաղթելը բավական հեշտ կլինի:

«Երբ դու ունես պատմության մեջ զբաղվածության ամենաբարձր ու գործազրկության ամենացածր ցուցանիշները, երբ դու ունես լավագույն տնտեսությունը, որը մենք երբևէ ունեցել ենք, չեմ էլ պատկերացնում, գրողը տանի, թե ինչպես է հնարավոր պարտվել ընտրություններում»,-ասել է Թրամփը:

Իր խոսքում նա նաև ծաղրել է նախագահական մրցապայքարի շրջանակում գլխավոր մրցակցին՝ դեմոկրատ Ջո Բայդենին՝ անդրադառնալով նրա «նախագահի պաշտոնում աշխարհը փրկելու» վերաբերյալ խոստմանը:

«Դե ինչ, երևի թե նա կփրկի աշխարհի յուրաքանչյուր երկիր, բացի մեր երկրից»,-ծաղրել է Թրամփը:

Պարբերականը նշում է, որ հանրահավաքին ներկա է եղել մի քանի հազար մարդ, որոնցից ոմանք 12 ժամ առաջ են հերթ կանգնել:

 

Լրահոս

Դիտել ավելին