Կարևոր իրադարձություններ

«Փաստ». Մեկ մարդու իշխանություն. ավտորիտարիզմի հաստատման ռիսկերը

09 Մայիս, 2019 10:27
«Փաստ». Մեկ մարդու իշխանություն. ավտորիտարիզմի հաստատման ռիսկերը

«Հայաստանի Ազգային ժողովը երկարատև քննարկումներից հետո երեկ ամբողջությամբ ընդունել է կառավարության կառուց­վածքի փոփոխությունների մասին նախագի­ծը: Նախագծին կողմ է քվեարկել 79 պատ­գամավոր, դեմ՝ 41, ձեռնպահ՝ 1: Եթե քվեար­կությունն ամփոփենք քաղաքական խճան­կարի սկզբունքով, ապա կառավարության նոր կառուցվածքին կողմ է քվեարկել միայն «Իմ քայլը» խմբակցությունը, իսկ ԲՀԿ և «Լու­սավոր Հայաստան» խմբակցությունները կոնսոլիդացված ընդդիմացել են կառավա­րության ներկայացրած նախագծին:

 

Այսպիսով՝ կառավարության նոր կառուցված­քի քննարկումների ժամանակ այդպես էլ չլսե­ցինք գործադիր իշխանության ներկայացուցիչ­ների ու խորհրդարանական մեծամասնության պատգամավորների փաստարկված մոտեցում­ները, ավելին՝ արդարադատության նախարա­րի մակարդակով հրապարակայնացվեց, որ փոփոխությունների հիմքում ոչ թե մասնագի­տական հաշվարկներն են, այլ ինտուիցիան: 

Ինչևէ, արդեն կայացած փաստ կարելի է համարել այն հանգամանքը, որ Հայաստանում պահպանվում է սուպերվարչապետական համակարգը, այլ խոսքով՝ այն «կոս­տյումը», որ կարվել էր Սերժ Սարգսյանի հա­մար, բավականին շուտ հարմարեցվեց Նիկոլ Փաշինյանին: Արտառոց է, որ խորհրդա­րանական երկրում ԱԱԾ-ի, ոստիկանության, ՊԵԿ-ի գործունեությունը դուրս է մնում ԱԺ վերահսկողությունից: 

Այս հարթության վրա հեղափոխությունը որևէ բան չի փոխել Հա­յաստանում, նույնիսկ տեղի է ունեցել իշխա­նության ավելի մեծ կենտրոնացում վարչապետի ձեռքում, նրա աշխատակազմը զբաղ­վելու է նաև սփյուռքի հարցերով:

Մյուս կողմից՝ ստեղծվում են սուպերնախարարություններ, ու ակնհայտ տպավորություն է, որ տարբեր գերատեսչությունների՝ շատ դեպքերում արհեստական միավորումը տեղի է ունեցել ոչ թե ռացիոնալ օպտիմալացման տրամաբանությամբ, այլ կոնկրետ մարդկանց՝ հեղափոխության հարթակի կա­րևոր գործիչների ամբիցիաները բավարարելու նպատակով: 

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ կադրային քաղաքականու­թյունը Նիկոլ Փաշինյանի կառավարության «աքիլլեսյան գարշապարն» է, մնում է են­թադրել, թե ինչպիսի ֆորս-մաժորային իրա­վիճակների ենք ականտես լինելու կառավա­րության նոր կառուցվածքի ու «սուպերնախարարների» գործունեության հետևանքով: Ոչ պակաս կարևոր է այն հանգամանքը, որ կառավարության նոր կառուցվածքը հաստատվեց քաղաքական կոնսենսուսի բացա­կայության պայմաններում: Իհարկե, ֆորմալ առումով ամեն բան նորմալ է, որովհետև կա­ռավարության հենարանը խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունի ու որևէ կերպ կաշկանդված չէ ընդդիմության տեսակետներով կամ քննադատությամբ: 

Սակայն չմոռանանք, որ գործող խորհրդա­րանը ձևավորվել է հեղափոխական էյֆորիայի պիկին, ու ընտրություններից ընդամենը հինգ ամիս անց ակնհայտ է, որ հանրային տրամադրություններն էապես փոխվել են: 

Խորհրդարանի քաղաքական խճանկարի ու հասարակության դիրքորոշումների կոնտ­րաստն ավելի արտահայտիչ կդառնա, երբ հանրային տրամադրությունների բնական սեգմենտացիայի գործընթացն ավարտվի: Այսինքն՝ պարզ է, որ գնալով քաղաքական կոնսենսուսի անհրաժեշտությունը մեծանա­լու է, ու այնքան էլ համարժեք չէ, երբ խորհր­դարանական մեծամասնությունը մերժեց կառավարության կառուցվածքի վերաբերյալ ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի» բոլոր առաջարկությունները՝ վերջիններիս մղելով առավել կոշտ ընդդիմության դաշտ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին