Կարևոր իրադարձություններ

Իշխանության վտանգավոր խոստովանությունը. քաղաքականությունը գործում է իռացիոնալ գործոնների ազդեցության տակ՝ զգացողություններով.«Ժամանակ»

18 Ապրիլ, 2019 09:25
Իշխանության վտանգավոր խոստովանությունը. քաղաքականությունը գործում է իռացիոնալ գործոնների ազդեցության տակ՝ զգացողություններով.«Ժամանակ»

«Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում այդպես էլ չստեղծվեցին այն ինստիտուցիոնալ հիմքերը, որոնք հնարավորություն կտային կյանքի կոչել հեղափոխության գաղափարներն ու նպատակադրումները։ Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, որում պետական կառավարման համակարգը գրեթե ամբողջությամբ հայտնվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնային որակներից կախվածության մեջ։ Դա կառավարման ոչ ինստիտուցիոնալ, ոչ համակարգային վիճակի արտահայտությունն է։ Դրա արդյունքում, ինչպես առիթ ունեցել ենք նշելու, Հայաստանում ամենաարդյունավետ աշխատող պաշտոնյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Պետական կառավարման համակարգի վրա սակայն այդ արդյունավետությունը չի տարածվում, քանի որ դրա հիմքում ոչ թե համակարգային ուղենիշներն են, այլ Նիկոլ Փաշինյանի անձնային որակները։

Ընհանրապես, ոչ միայն պետական կառավարումը, այլ քաղաքականությունն ընհանրապես Հայաստանում ապրում է իռացիոնալ գործոնների ազդեցության տակ՝ զգացողություններով ու համոզմունքներով։ Դա վերաբերում է ոչ միայն իշխանությանն ու քաղաքական համակարգին, այլ նաև հասարակությանը։ Հանրությունը կամ կուրորեն սիրում և հավատում է իշխանությանը, կամ լցված է ատելությամբ։ Իշխանությունը ևս քաղաքական ընդդիմախոսներին վերաբերում է նույն կերպ. եթե որևէ նախաձեռնություն բխում է ընդդիմությունից, ապա այն անպայմանորեն պետք է մերժվի, քաղաքացիները եթե չեն վստահում իշխանությանը, ապա սևեր են կամ հակահեղափոխականներ։ Այսինքն՝ Հայաստանում քաղաքականությունը ևս գործում է իռացիոնալ գործոնների ազդեցության ներքո՝ սեր և ատելություն, համակրանք և հակակրանք։ Նաև այդ պատճառով հանրային-քաղաքական դիսկուրսում կորում է առողջ, ռացիոնալ միտքը, քննարկումը որպես կանոն վերածվում է փոխադարձ մեղադրանքների, բանավեճերն էլ ընթանում են յուրայինների և օտարների տարանջատմամբ։

Իշխանությունը արդյունավետ կարող է գործել միայն այն դեպքում, երբ նրա կայացրած որոշումների հիմքում դրվում են ճշտգրիտ հաշվարկների, հետազոտությունների ու ուսումնասիրությունների արդյունքների վրա հիմնված փաստարկներ։ Հակառակ պարագայում՝ զգացողությունների ու համոզմունքների վրա հիմնված որոշումները լինելու են կամայական և պետական կառավարման համակարգը կախվածության մեջ են դնելու այս կամ այն անձի կամ անձերի անհատական հատկանիշներից։

Թավշյա հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի ամենամեծ խնդիրը իր պատկերացումներին ու մոտեցումներին համապատասխանող պետական կառավարման համակարգի ձևավորումն է։ Դա պահանջում է համապատասխան կադրեր և համակարգային լուծումներ։ Կադրերը Նիկոլ Փաշինյանի «աքիլլեսյան գարշապարն» են, իսկ համակարգային լուծումներն, ինչպես ակամա խոստովանել է Արտակ Զեյնալյանը, կատարվում են զգացողություններով ու համոզմունքներով։ Դա չափազանց վտանգավոր խոստովանություն էր»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին