Կարևոր իրադարձություններ

Տպավորություն է, որ դարձյալ ԱԺ-ի հանձնաժողովներում մեխանիկորեն դակում են կառավարության որոշումները. Գևորգ Պետրոսյան

16 Ապրիլ, 2019 12:03
Տպավորություն է, որ դարձյալ ԱԺ-ի հանձնաժողովներում մեխանիկորեն դակում են կառավարության որոշումները. Գևորգ Պետրոսյան

Ազգային ժողովն այսօր դեմ քվեարկեց ԲՀԿ խմբակցության կողմից ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» հարցը ԱԺ օրակարգ մտնելուն:

Հիմնական զեկուցող Գևորգ Պետրոսյանը նշեց, որ արդեն զարմանալի չէ, որ իրենց ներկայացրած նախագծերը բացասական եզրակացությամբ կառավարությունից գալիս են ԱԺ առանց որևէ հիմնավորման։ Ըստ նրա՝ զարմանալին այն է, որ ԱԺ-ն շարունակում է «հին ու բարի» ավանդույթները՝ հետ չմնալ Կառավարությունից ու առնվազն կատարել կառավարության պահանջը:

 «Մենք ներկայացրել ենք նախագիծ, որ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացում կատարվի, համաձայն որի՝ պատգամավորի օրինական գործունեությանը խոչընդոտելու համար սահմանվի պատասխանատվություն տուգանքի ձևով, որ վարչական դատավարության համաձայն պատգամավորն իրավունք ունենա դիմել Վարչական դատարան և բռնագանձել տուգանքը: Պատգամավորների գործունեությունը երաշախավորելու մասին օրենք կա, ըստ որի՝ պատգամավորն իրավունք ունի դիմել ՏԻ մարմիններին և ստանալ կահավորված սենյակ քաղաքացիների ընդունելության համար, բայց եղել են դեպքեր, երբ պատգամավորը դիմել է ու անպատասխան է մնացել, մինչդեռ երկշաբաթյա ժամկետ է սահմանաած»,- ասաց նա:

Պետաիրավական հանձնաժողովի անդամ Վլադիմիր Վարդանյանն էլ նշեց, որ Պետրոսյանի բարձրացրած հարցը կարևոր հարցերից մեկն է․

«Մենք իրոք պետք է հնարավորություն ընձեռենք, որ պատգամավորը անխոչընդոտ կերպով իրականացնի իր գործունեությունը: Հարցն այն է, թե արդյո՞ք մենք այսօր պատգամավորի գործունեությունը խոչընդոտելու այնպիսի դեպքերի ենք հանդիպում, որ անհրաժեշտություն է առաջանում վարչական պատասխանատվության  ենթարկել սուբյեկտներին, որոնք որոշակիորեն խախտել են պատգամավորների գործունեությունը: Մենք պարոն Պետրոսյանի հետ աշխատում ենք այս հարցը կարգավորող մեկ այլ նախագծի վրա: Խնդիրն այն է, որ նախատեսենք նոր զանցակազմ, որի միջոցով կարողանանք պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր խոչընդոտում են պատգամավորի գործունեությունը: Այս պահի դրությամբ նման իրավակարգ հաստատելու կարիք չկա»,- նշեց նա:

Նախագիծը չմտավ Ազգային ժողով քննարկման: Դրա օգտին քվեարկեց 39 պատգամավոր, դեմ 51, ձեռնպահ 12:

 

Լրահոս

Դիտել ավելին