Կարևոր իրադարձություններ

«ՀՀԿ-ի ուրվականը Նիկոլին հանգիստ չի տալիս»

10 Ապրիլ, 2019 19:44
«ՀՀԿ-ի ուրվականը Նիկոլին հանգիստ չի տալիս»

168․am-ը գրում է․ Նորագավիթի մաքսատանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ԱԺ-ում տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթին՝ նշել էր, որ այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության ինչ-որ ներկայացուցիչներ շատ ակտիվ այդ ելույթն են քննարկում՝ ասելով, թե՝ այս ի՞նչ է կատարվում Հայաստանում.

«2015թ. Հայաստանի պահպանողական իշխանությունը, ընտանեկան ավանդույթների և ընտանեկան արժեքների պահապան իշխանությունները, ինչպես իրենք են իրենց անվանում,  ՀՀ քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել ա և նրան տվել ա ՀՀ քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր: Ընդ որում՝ անձնագիր է տվել, գրել ա՝ Լիլիթ Մարտիրոսյան սեռը՝ արական: Հիմա ՀՀԿ շարքերում ընդունված բան ա՞, որ արական սեռի ներկայացուցչի անունը Լիլիթ ա: Էդ ի՞նչ հարցեր են դնում: Էն պահին, երբ այդ ՀՀԿ իշխանությունն այդ մարդու տվել ա ՀՀ քաղաքացու անձնագիր՝ Լիլիթ Մարտիրոսյան, սեռը արական, նրան ընդգրկել ա ընտրական ցուցակներում, ուրեմն՝ նրան օժտել ա ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներով և պարտականություններով: Բոլոր՝ առանց բացառության: Եվ այսօր հանրապետականները… երբ որ ես իրենց ասում էի՝ դուք գեյ ակտիվիստ եք, իրանց չէին հավատում, իրենց էդ կարգավիճակից չեն կարող խուսափել, և սա ևս մեկ ապացույց ա: Էդ ո՞ւմ են եկել ինչի մեջ մեղադրում:

«Բարգավաճ Հայաստանն» ինչի՞ց ա բողոքում: Որ իրանց ներկայացուցիչը ստորագրել ա փաստաթուղթ… ես Պետական պահպանության ծառայությունից գրավոր բացատրություն եմ պահանջել, և ինձ տվել են փաստաթուղթ: Այդ փաստաթղթերի պատճեններն իմ ձեռքի տակ են, տվել ա Նաիրա Զոհրաբյանը, ստորագրել ա ցուցակը, և այդ ցուցակով մարդիկ ընդգրկվել են: Հիմա էն մյուս մարդիկ, որ բողոքում են, հիմա եկեք այս… ամեն ինչն արձանագրեցինք, չէ՞, Հանրապետականի և «Բարգավաճի»…

Առաջինը, երբ որ իմացա տենց բան, ես մտածեցի՝ լավ կազմակերպված պրովոկացիա ա հեղափոխության և կառավարության դեմ, և եթե այսքանից հետո՝ այդ ամեն ինչի տեղի ունեցածից հետո, բայց կա նաև հաջորդ երեսը, չէ՞, ժողովուրդ»,- ասել էր վարչապետը:

Այս և մի շարք թեմաների շուրջ 168.am-ը զրուցեց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ։

– Պարոն Շարմազանով, օրես ԱԺ-ում տրանսգենդերի ելույթից հետո ծավալված իրադարձությունները ՀՀ վարչապետը որակել է՝ որպես  քաղաքական պրովակացիա հեղափոխության և Կառավարության դեմ։ Ինչո՞ւ է ՀՀԿ-ն պրովոկացիայի ենթարկում Կառավարությանը։

– Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտնի է իր մանիպուլյացիաներով, պրովոկացիաներով և իր սեփական մեղքը դիմացինի վրա բարդելով։ Բայց եթե «թավշյա հեղափոխության» ժամանակ դա նրան հաջողվում էր, երբ կեղծիքով ու շանտաժով եկավ իշխանության, ապա այսօր ակնհայտ է, որ, Փաշինյանը՝ չունենալով սեփական օրակարգ, նյարդայնացել է՝ տեսնելով սեփական թիմի անգործությունը, քաղաքական իմպոտենտությունը, նաև իր գահավիժող վիճակը բոլոր ոլորտներում, բոլոր տեղերում՝ փորձում է պրովոկատորներ և մանիպուլյատորներ փնտրել։ Փաշինյանն անհաջող գործունեության մեջ է։ Կարիք չկա մութ սենյակում կատու փնտրել, երբ այդ կատուն Փաշինյանի ուսերին է, ամբողջ խնդիրը նրա մեջ է։

Այդ մարդն արդեն այնքան է նյարդայնացել, որ արդեն մտել է հոգեխանգարմունքի դաշտ, սա իսկապես խնդիր է։ Երբ Փաշինյանը խոսում է օտարերկրյա գործակալներից, հարց եմ տալիս՝ կա՛մ լռում է, կա՛մ ասում, թե ՀՀԿ-ն պրովոկացիա է անում։ Կոնկրետ հարց եմ տվել՝ Հայաստանում կա՞ն օտարերկրյա գործակալներ, հիմա ես պրովոկացիա՞ եմ անում, երբ որպես ՀՀ քաղաքացի՝ հարցնում եմ: Եթե չի պատասխանում, ապա ես Փաշինյանին կասկածում եմ ամեն ինչի մեջ։ Եթե մեր երկրում կան օտարերկրյա գործակալներ, բայց վարչապետը նրանց անունը չի տալիս, ուրեմն կարո՞ղ եմ ենթադրել, որ հենց Փաշինյանն է գործակալ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին