Կարևոր իրադարձություններ

Հայաստանի կառավարությունը Ղարաբաղի հարցի բանակցային ֆորմատի փոփոխության հարց երբեք չի դրել. վարչապետ

07 Ապրիլ, 2019 13:56
Հայաստանի կառավարությունը Ղարաբաղի հարցի բանակցային ֆորմատի փոփոխության հարց երբեք չի դրել. վարչապետ

ԵԿՄ արտահերթ համագումարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում  նշեց, որ ԵԿՄ-ն ստեղծել են լեգենդար մարդիկ, որոնց խիզախության, արյան և կյանքի վրա է կառուցվել Հայաստանի և Արցախի անկախ պետականությունը, մեր ժողովրդի անվտանգությունը։

«Խոնարհվում եմ ազատամարտիկների  և առաջամարտիկների այն սերնդի առաջ, որը չշփոթվեց, խուճապի չմատնվեց մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների առջև և անհավասար մարտի բռնվեց հանուն մեր ժողովրդի երազանքների պաշտպանության։  Քավ լիցի, չեմ ասի, թե այսպիսի առաքելություն ստանձնած բոլոր ազատամարտիկները հետագայում դարձան ԵԿՄ անդամ, բայց որ իր հիմնադրման պահին այս կառույցը 100 տոկոսով կազմված էր այսպիսի մարդկանցից, դա աներկբա է։ Ղարաբաղյան ազատամարտի մեծագույն դասն ու հետևությունը կարևորագույն նշանակություն ունի մեր երկրի ու ժողովրդի հետագա ճակատագրի համար։ Այդ ազատամարտով մենք ապացուցեցինք, որ ի վիճակի ենք սեփական ճակատագրի տերը լինել, ի վիճակի ենք թղթե շերեփով աղերսողի մեր կարգավիճակը փոխարինել երկաթե ձեքով, խաղաղասեր մտքով ու անպարտելի ոգով, խաղաղություն պարտադրել, ոչ թե աղերսել»,– ասել է նա։ 

«Տարածաշրջանում խաղաղություն հաստատելը մեր կարևորագույն խնդիրն է և մենք հետևողականորեն աշխատելու ենք այս խնդրի վրա: Բայց որպեսզի այս խնդիրը լուծվի, դրա հիմքում պետք է դնենք ճշգրիտ բանաձևեր: Տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելը չի կարող Լեռնային Ղարաբաղի հակամարտության երեք կողմերից երկուսի կամ մեկի պարտականությունը լինել: Դա մի պարտականություն է, որ հավասարապես կիսում են հակամարտության բոլոր կողմերը: Դա ընդհանուր պատասխանատվություն է, համատեղ աշխատանք, և հենց այս գաղափարն է, որ քննարկումների սեղանին եմ դրել Ադրբեջանի նախագահի հետ մարտի 29-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում: Եվ այս բանաձևն է եղել Վիեննայի քննարկումների հիմնական առանցքը»,- ասել է վարչապետը:  Տալով որոշ թյուրիմացությունների ճշգրտումներ, նա նշել է, որ Հայաստանի կառավարությունը Ղարաբաղի հարցի բանակցային ֆորմատի փոփոխության հարց երբեք չի դրել, Հայաստանի կառավարությունը դրել է բանակցությունների վերականգնման հարցը միայն: 

«Բանակցային ողջ գործընթացի ընթացքում ներկա է եղել նաև Լեռնային Ղարաբաղը: 1998 թվականից հետո ՀՀ-ն բանակցային սեղանի շուրջ ներկայացնող Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, ըստ էության, ներկայացրել են նաև Ղարաբաղը և եղել են ԼՂՀ կողմից ընտրված ներկայացուցիչ՝ ունենալով լիարժեք մանդատ: Եվ հետևաբար այս գործընթացը պետք է շարունակվի նույն տրամաբանությամբ, քանի որ չի կարող որևէ հակամարտության լուծման մասին խոսք լինել՝ առանց այդ հակամարտության առանցքային կողմի մասնակցության»,- ասել է նա:


 

Լրահոս

Դիտել ավելին