Կարևոր իրադարձություններ

Վարչապետը ցուցմունք է տալիս դատարանում

03 Ապրիլ, 2019 14:53
Վարչապետը  ցուցմունք է տալիս դատարանում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։ Այսօր նախատեսվում է Փաշինյանի հարցաքննությունը «Ելք» դաշինքի անդամների եւ Հոկտեմբերի 27-ի գործով ազատազրկման դատապարտված Արթուր Այվազյանի (մականունը՝ Մանախ) միջեւ տեղի ունեցած միջադեպի գործով: Այս մասին հայտնում է armtimes.am-ը:

Վարչապետը սույն գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի։

Գործով ամբաստանյալ «Մանախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանը հայտարարեց, որ պաշտպանական կողմը ի սկզբանե համարել է, որ Նիկոլ Փաշինյանի վկայությունը որեւէ էական բան չի տալու գործի ելքի համար, իսկ եթե դատախազությունը պնդում էր, որ անհրաժեշտություն կա, ապա թող ապահովի Նիկոլ Փաշինյանի ներկայությունը դատարանում:

Ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝ Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 31.03.2017թ ժամը 22:40-ի սահմաններում Անդրանիկի փող 53 շենքի բակում, անթաքույց արհամարհանք դրսևորելով հասարակության նկատմամբ, «ԵԼՔ» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով՝ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը:

Մանախը գրավով ազատ է արձակվել:

Դեպքը տեղի էր ունեցել 2017-ի ԱԺ ընտրություններից երկու օր առաջ՝ մարտի 31-ին, կեսգիշերին մոտ։ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերի միջոցով այդ օրը տեղեկացրել էր.

«Հարավ-Արեւմտյան թաղամասում զինված հարձակում է տեղի ունեցել մեր վստահված անձանց վրա: Մեր տղաները վնասազերծել են զինված անձին եւ խլել զենքը»:

Ավելի ուշ պարզվեց, որ խոսքը Արթուր Այվազյանի մասին է, իսկ հարձակման ենթարկված անձը Հայկ Սարգսյանն է:

Նշենք, որ Արթուր Այվազյանը` Մանախը, 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել Հոկտեմբերի 27-ի գործով կարեւորագույն վկայի սպանությունը պատվիրելու եւ իրագործելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին