Կարևոր իրադարձություններ

«Հեղափոխական» վտանգավոր «էքսպերիմենտներ» Արցախում. Ընտրական ֆալստարտ. «Փաստ»

03 Ապրիլ, 2019 09:57
«Հեղափոխական» վտանգավոր «էքսպերիմենտներ» Արցախում. Ընտրական ֆալստարտ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Արցախի նախագահական ու խորհրդարանական ընտրություններին դեռ մեկ տարի ժամանակ կա, սակայն լրահոսին հետեւող մարդկանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե նախընտրական արշավի մեկնարկն արդեն տրված է։ Ընդ որում՝ որքան էլ անուններ շրջանառվում են, սակայն դեռ հայտնի չեն վերջնական որոշում կայացրած թեկնածուների անունները: Այդուամենայնիվ, աժիոտաժն արդեն սկսված է, ու այնպիսի տպավորություն է, որ առանձին թեկնածուներ պայքարում են ոչ այնքան արցախցիների քվեները ստանալու, որքան՝ Երեւանի համակրանքը շահելու նպատակով։ Ընտրական այս ֆալստարտն ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ։

Մի կողմից՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանն արդեն հայտարարել է, որ վերստին չի հավակնելու իր պաշտոնին, ինչը «ժառանգորդի» համար պայքարն ուժեղացրել է հենց ԼՂՀ քաղաքական էլիտայի տարբեր սեգմենտների միջեւ, մյուս կողմից՝ ոմանց մոտ առաջացել է համակարգը փոխելու իրական մտադրություն կամ գայթակղություն։

Արցախում տիրող «տաք» ներքաղաքական իրավիճակն արդյունք է նաեւ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության։ Հայաստանում կամ Արցախում ոմանց մոտ առաջացավ հեղափոխությունը Ստեփանակերտ «արտահանելու» ցանկություն։ Բարեբախտաբար, Նիկոլ Փաշինյանի թիմը կանխեց այդ տրամադրությունները՝ թերեւս գիտակցելով, որ առաջնագիծը հեղափոխական ցնցումների ենթարկելու շռայլությունը նման է արկածախնդրության։

Իհարկե, Հայաստանի իշխանությունն իր այս ռացիոնալ քաղաքականության հարցում այնքան էլ հետեւողական չեղավ, ինչի դրսեւորումներից մեկը խորհրդարանական ընտրությունների ընթացքում երկու հայկական պետությունների էլիտաների միջեւ առաջացած հակադրությունն էր, որն, ի դեպ, կարեւոր ազդակ է Արցախում ընտրական ֆալստարտի համար։

Արցախում ներքաղաքական ակտիվությունն ինքնին բացասական երեւույթ չէր լինի, եթե ոմանք չփորձեին դրա վրա «տաքացնել» իրենց ձեռքերը։ Ասենք՝ միանգամայն ոչ համարժեք է «Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնությունը՝ ստորագրահավաքի միջոցով Արցախին Հայաստանի մարզի կարգավիճակ շնորհելու օրակարգով։ Արցախի Հանրապետության դեինստիտուցիոնալիզացիայի նման փորձը ստվերելու է առաջիկա ընտրությունների քաղաքական նշանակությունը ու կասկածի տակ է դնելու ԼՂՀ ապագա իշխանության լեգիտիմությունը։ Սակայն ավելի կարեւոր է այն հանգամանքը, որ Արցախի «մարզացման» նախաձեռնությունը մեծապես վնասում է բանակցային գործընթացում հայկական կողմի մարտավարությանը։

Նիկոլ Փաշինյանի՝ արցախյան նոր քաղաքականությունը միտված է Արցախի սուբյեկտության մեծացմանը ու նրան բանակցային գործընթացի լիարժեք սուբյեկտ դարձնելուն։ Եթե այդ համատեքստում որոշ ուժեր հանդես են գալիս Արցախին Հայաստանի մարզի կարգավիճակ տալու նախաձեռնությամբ, ապա ակամայից հզոր փաստարկ են տալիս Բաքվին՝ վերջինիս համար ալիբի ստեղծելով Փաշինյանի օրակարգը մերժելու համար։

Մեր քաղաքական ուժերը պետք է կարողանան կոնսենսուս ձեւավորել Արցախի հարցում ու Հայկական երկրորդ հանրապետությունը չդարձնեն իրենց ինքնահաստատման կամ հեղափոխական «էքսպերիմենտների» հարթակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին