Կարևոր իրադարձություններ

Այլևս սահմանների պահպանություն չի լինելու, լինելու է սահմանների պաշտպանություն.Գաբրիել Բալայան

02 Ապրիլ, 2019 10:47
Այլևս սահմանների պահպանություն չի լինելու, լինելու է սահմանների պաշտպանություն.Գաբրիել Բալայան

«Որոշակի առումով այս օրն ունի նաև ամբողջ հայ ժողովրդին համախմբելու խորհուրդ՝ պատրաստ լինելու ցանկաված զարգացման, դիմագրավելու այն մարտահրավերները, որն այսօր ունենք, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում,- ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

Ըստ Բալայանի՝ մարտահրավերների փոփոխություն որևիցե անգամ տեղի չի ունեցել։

«Կարող է մի փոքր ավելի լարվածություն լինել կամ նվազ լարվածություն, բայց, բոլոր դեպքերում, գոնե այսօր, դա չի ազդում այն մարտունակության կամ զգոնության վրա, որը առկա է Զինված ուժերում», - ասաց Գ. Բալայանը։

Նա ասաց, թե չի կիսում այն կարծիքը, որ հայական զինանոցը մերկ է։

«Փառք աստծո, մենք պարտվողի կարգավիճակով դուրս չենք եկել քառօրյա մարտական գործողություններից, այլ կարողացել ենք ցույց տալ այն ոգու խիզախությունը, այն զենքի ճշգրտությունը, որը հայոց բանակը ուներ ու հիմա ունի», - ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարարը։

Նրա խոսքով՝ վերջին մի քանի տարվա ընթացքում լրացվել է ՀՀ զինանոցը, մարտական պատրաստության աստիճանը բերվել է շատ ավելի զգոն վիճակի։

Գաբրիել Բալայանն ընդգծեց, թե քաղաքական գնահատական է համարում Նիկոլ Փաշինյանի այն դիտարկումը, թե ապրիլյան պատերազմը Ադրբեջանի՝ ԵԱՏՄ մտնելու մասին է։

«Դա ավելի շատ քաղաքական գնահատական է, ես չեմ ուզում խոսել մի բանից, որից տեղեկություն ունեմ մակերեսորեն, վարչապետը, կարծում եմ, համապատասխան հիմքերի դեպքում է այդպիսի հայտարարություն արել», - նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարարը։

Նրա խոսքով՝ այլևս սահմանների պահպանություն չի լինելու, լինելու է սահմանների պաշտպանություն, որը ենթադրում է որոշակի մարտական գործողությունների տեղափոխում հակառակորդի տարածք։

«Պաշտպանության ռեժիմը ենթադրում է նաև որոշակի գործողություններ, որոնք իրականացվում են հակառակորդի տարածքում», - ասաց Գ. Բալայանը։

 

Լրահոս

Դիտել ավելին