Կարևոր իրադարձություններ

Արդեն թվայնացվել է ավելի քան 270 հազար աշխատանքային գրքույկ

25 Մարտ, 2019 13:42
Արդեն թվայնացվել է ավելի քան 270 հազար աշխատանքային գրքույկ

Հայաստանում թվայնացվել է ավելի քան 270 հազար աշխատանքային գրքույկ: Գործընթացը շարունակական է, և այս փուլում պետությունը կավարտի բոլոր գործատուների մոտ գտնվող աշխատանքային գրքույկների թվայնացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Այս պահին ավելի քան 270 հազար աշխատանքային գրքույկ է թվայնացվել: Աշխատանքները շարունակվելու են»,-տեղեկացրեց Բաթոյանը: Փոխնախարար Սմբատ Սաիյանը հիշեցրեց, որ գրքույկների թվայնացման գործընթացը սկսվել է 2017-ից, և օրենքի պահանջով ժամկետ էր տրված մինչ 2019-ի հունվարը: Սակայն նախորդ տարեվերջին ընդունվեց օրենք, որով այդ ժամկետը մեկ տարով երկարացվեց:

«Մենք ընթացակարգային որոշ խնդիրներ ունեինք: Որոշակի փոփոխություններ կլինեն, և գործընթացը կկրի շարունակական բնույթ, ըստ համապատասխան ժամանակացույցի գործընթացը կհասցվի իր տրամաբանական ավարտին: Այս փուլում պետք է ավարտենք բոլոր գործատուների մոտ գտնվող աշխատանքային գրքույկների թվայնացումը: Իսկ երկրորդ փուլում կընդգրկվեն այն քաղաքացիները, ովքեր հիմա չեն աշխատում և իրենց աշխատանքային գրքույկներն իրենց մոտ են»,-նշեց փոխնախարարը։

Նրա խոսքով` աշխատանքային գրքույկների թվայնացման նպատակն է, որ հնարավորինս համահավաք տեղեկատվություն ունենանք՝ այդ թվում կենսաթոշակային քաղաքականության մշակման շրջանակում: 

 

Լրահոս

Դիտել ավելին