Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները մեծ քանակի ռազմամթերք են հայտնաբերել Արշալույսի տներից մեկում

16 Մարտ, 2019 17:22
Ոստիկանները մեծ քանակի ռազմամթերք են հայտնաբերել Արշալույսի տներից մեկում

Օրերս ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արշալույս գյուղի տներից մեկում մեծ քանակի զինամթերք կա: Օպերատիվ տեղեկությունների հիման վրա հարուցվեց քրեական գործ։

Մարտի 13-ին դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց Արշալույս գյուղի 1-ին փողոցի բնակիչներից մեկի առանձնատանը։ Արդյունքում՝ տան ննջարանում, հագուստեղենի տակ հայտնաբերվեց զինամթերքի փաթեթավորված երեք պարկ:

Պարկերում կային՝ «ՊԿ» տեսակի գնդացիր, 2 «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, ձեռքի նռնականետ, ինքնաձիգի համար նախատեսված 2 նռնականետ, ձեռքի նռնականետի 3 հրթիռ, ձեռքի նռնականետի 6 վառոդ, «ՊԿ» գնդացրի փամփուշտների 3 ժապավեն՝ լիցքավորված համապատասխանաբար 210, 110 և 209 հատ փամփուշտով, ինքնաձիգի նռնականետի 10 հրթիռ՝ իրենց պատյաններով, ինքնաձիգի 11 պահունակ՝ լիցքավորված 415 փամփուշտով, 7.62 մմ տ/չ 30 փամփուշտ, ձեռքի գնդացրի 3 պահունակ՝ լիցքավորված 118 փամփուշտով, ինքնաձիգի փայտե խզակոթ, «ՊԿ» գնդացրի մետաղյա պահունակ, «ՊԿ» գնդացրի 2 պահեստատուփ, ինքնաձիգի պահունակների 3 պայուսակ և նռնականետի հրթիռների պայուսակ:

Ըստ տանտիրոջ` 71 տարեկան Անդրանիկ Թևանյանի հայտարարության՝ ռազմամթերքի մասին գիտեր միայն ինքն ու հանգուցյալ կինը: Իսկ զինամթերքը նա ձեռք է բերել Արցախյան ազատամարտի տարիներին, ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու համար:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Անդրանիկ Թևանյանը ստորագրությամբ բաց է թողնվել:
Քննությունը շարունակվում է:

Ոստիկանությունը մշտապես եղել ու լինելու է հետևողական ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելու հարցում:

Եվս մեկ անգամ հորդորում ենք այն քաղաքացիներին, որոնք ունեն ապօրինի ռազմամթերք՝ կամավոր հանձնել ոստիկանություն:

 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին