Կարևոր իրադարձություններ

Գևորգ Աֆանդյանը բանկերին միլիոններ է պարտք

10 Մարտ, 2019 12:39
Գևորգ Աֆանդյանը բանկերին միլիոններ է պարտք

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է «Արզնի Գրուպ» ՍՊ ընկերության վերաքննիչ բողոքը (ԿԴ1/0052/04/18): Ընկերությունը պահանջում է բեկանել առաջին ատյանի վճիռը, որով «Արզնի Գրուպը» սնանկ է ճանաչվել:

 

Դատական գործընթացը սկիզբ է առել մոտ 6 տարի առաջ, երբ «Բիբլոս Բանկ Արմենիա» ընկերությունը հայց էր ներկայացրել՝ պահանջելով «Արզնի Գրուպից», ինչպես նաև՝ դրա երաշխավորներ «Բյուրակն» ՍՊ ընկերությունից, Համլետ Գրիգորյանից և Լաուրա Էլբակյանից բռնագանձել որպես վարկ վերցված գումարը և տույժերն ու տուգանքները: Բանկի հայցը բավարարվել էր, սակայն, չստանալով գումարը, բանկն անցած տարի հայց էր ներկայացրել «Արզնի Գրուպին» սնանկ ճանաչելու պահանջով: Հաջորդ դատական նիստը կայանալու է մարտի 14-ին:

Ի սկզբանե ընկերության պարտքը «Բիբլոս» բանկին կազմել է 74.6 մլն դրամ և 871 հազար դոլար, որին ավելացել են նաև տույժերն ու տուգանքները, դատական ծախսերը, և այժմ ընդհանուր կազմում է 3.1 մլն դոլար և 8.5 մլն դրամ:

Azdarar.am-ի համաձայն՝ «Արզնի գրուպի» պարտատերերն ավելի շատ են: Բացի բանկից, ընկերությունն ունի հարկային պարտավորություններ՝ 3 մլն դրամից ավելի, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին պարտք է 558 հազար ԱՄՆ դոլար և 1.132.460 ՀՀ դրամ, նաև ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքին՝ 396.475 ՀՀ դրամ:

Ընկերության սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ընկերության ֆինանսական առողջացման նպատակով օրենքը հնարավորություն է տալիս սահմանված ժամկետում ներկայացնել առողջացման ծրագիր, սակայն այն չի ներկայացվել: Այսինքն, ըստ ամենայնի,  ընկերությունը վերջնական սնանկ կհայտարարվի և կլուծարվի: Առավել ևս, որ նախնական տվյալներով՝ հանքային ջրերի գործարանի շենքային կամ գույքային միավոր «Արզնի Գրուպի» հաշվեկշռում չի գտնվում:

«Քանի որ ընկերությունը հաշվապահական և այլ փաստաթղթեր չի ներկայացրել, դատարանը հետախուզում է հայտարարել պարտապանի, նրա ակտիվների, գույքի նկատմամբ»,- ասաց Ղահրամանյանը՝ նկատելով, որ պարտքի հավաքագրումը կախված է առկա գույքի արժեքից:

«Արզնի Գրուպի» սեփականատեր Գևորգ Աֆանդյանից այս ողջ ընթացքում որևէ ակտիվություն չի եղել:

Տարօրինակ է, որ պարտատերերի ցանկում չէ «Անելիք բանկ» ՓԲԸ-ն (ռեբրենդինգից հետո վերանվանվել և այժմ կոչվում է IDBank): Անցած տարի Hetq.am-ը գրել էր, որ «Արզնի» ջրերի գործարանը գլխացավանք է դարձել «Անելիք բանկի» համար: Գևորգ Աֆանդյանը տարբեր մեխանիզմներով փորձել է հնարավորինս շահեկան դիրքերում հայտնվել՝ չնայած «Անելիք բանկում» ունեցած վարկային խոշոր պարտավորություններին: Այս գործով էլ բավականին երկարատև դատական գործընթաց է եղել, և մեջտեղում կրկին միլիոնների «խաղ» է գնացել:

Գևորգ Աֆանդյանը սնանկացած «Սթար» սուպերմարկետների ցանցի, «AG» էլեկտրոնիկայի խանութների ցանցի, «AG պրինտ» տպագրատների ցանցի, Էջմիածնի պահածոների գործարանի, «Cinnabon» և «Segafredo» սրճարանների և մի շարք այլ բիզնեսների սեփականատեր է: Աֆանդյանը չէր թաքցնում իր մտերմությունն Ալեքսանդր Սարգսյանի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին