Կարևոր իրադարձություններ

Շուտով Չարենցավանի հիվանդանոցային և պոլիկլինիկական ծառայությունները կմատուցվեն մեկ վայրում՝ «Չարենցավանի բժշկական կենտրոն»-ում

06 Մարտ, 2019 15:48
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
Շուտով Չարենցավանի հիվանդանոցային և պոլիկլինիկական ծառայությունները կմատուցվեն մեկ վայրում՝ «Չարենցավանի բժշկական կենտրոն»-ում

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Շուտով Չարենցավանի հիվանդանոցային և պոլիկլինիկական ծառայությունները կմատուցվեն մեկ վայրում՝ «Չարենցավանի բժշկական կենտրոն»-ում


Կոտայքի մարզում հիմնանորոգված, բարեկարգված և ժամանակակից սարքավորումներով կահավորված բժշկական կենտրոնների առկայությունը մարզային խնդիրների լուծման առաջնահերթություններից է՝ բժշկական ծառայությունների պատշաճ մակարդակով կազմակերպման, քաղաքացիների սպասարկման և անհրաժեշտ բժշկական օգնությունն ավելի բարձրակարգ տրամադրելու հրամայականով պայմանավորված:

Այս տեսանկյունից ձեռնարկված գործնական քայլերից հերթականը Կոտայքի մարզի «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում դեկտեմբերին մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներն են, որոնք այս պահին ընթացքի մեջ են:

Աշխատանքները հիմնականում իրականացվում են բուժ.կենտրոնի սեփական տնտեսված միջոցների հաշվին. այս պահին հիմնանորոգվում է հիվանդանոցային մասնաշենքի երկրորդ հարկը՝ մասնակի և երրորդ հարկն ամբողջությամբ:

Հիմնանորոգման աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով այսօր աշխատանքային այց եմ կատարել Չարենցավանի բժշկական կենտրոն, ինչպես նաև առանձին մասնաշենքում գործող պոլիկլինիկա:

Ուրախությամբ արձանագրեցի, որ այս պահին արդեն փոխվել են պատուհանները, անցկացվել է ջեռուցման և լուսավորության համակարգ, պատերի հարդարման աշխատանքներ են իրականացվել:

Երկրորդ հարկում կգործի պոլիկլինիկայի մանկական, իսկ երրորդում՝ մեծահասակների սպասարկման բաժանմունքը՝ ամբողջությամբ հիմնանորոգված և լիովին կահավորված:

Նախատեսում ենք գարնան ավարտին արդեն ունենալ վերջնական բարեկարգված պոլիկլինիկայի հատված, որտեղ կտեղափոխվի ԳՈՐԾՈՂ պոլիկլինիկան իր ստորաբաժանումներով:

Արդյունքում, պոլիկլինիկական ու հիվանդանոցային ծառայությունները կմատուցվեն մեկ վայրում՝ երկու տարբեր մուտքերով:

Հիմնանորոգումից հետո նախատեսում ենք բարեկարգման աշխատանքներ կատարել նաև բակային հատվածում՝ կանոնակարգելու մեքենանների կայանատեղին, մուտքը, ինչպես նաև շտապօգնության մեքենաների համար սահմանել առանձին մուտքի պայմաններ:

Իսկ դեռևս գործող պոլիկլինիկայի շենքի հետ կապված՝ այս պահին մի քանի ընկերությունների հետ բանակցություններ են տարվում տեխնոպարկեր, պատանեկան-երիտասարդական, կրթադաստիարակչական հաստատություններ հիմնելու համար, ուր կմեկտեղվեն բիզնեսն ու կրթությունը:

#ԷտալոնայինԿոտայք»

 

Լրահոս

Դիտել ավելին