Կարևոր իրադարձություններ

Զինդատախազ ներկայացած եւ խոշոր գումարներ հափշտակած Սարգիսը կալանավորվել է

05 Մարտ, 2019 14:01
Զինդատախազ ներկայացած եւ խոշոր գումարներ հափշտակած Սարգիսը կալանավորվել է

Մի խումբ անձանց նկատմամբ խաբեություն կատարելու և խոշոր չափի գումարներ հափշտակելու մեջ մեղադրվող Սարգիս Ս.-ն այսօր՝ մարտի 5-ին դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։

Իրավապահները ունեն կասկածներ, որ հնարավոր է Սարգիս Ս.-ն այլ քաղաքացիներից նույնպես խարդախությամբ գումարներ հափշտակած լինի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 3-ին իրավապահները հայտնաբերել են մի խումբ անձանց նկատմամբ խաբեություն կատարած և խոշոր չափի գումարներ հափշտակած կասկածյալին։ Վերջինս իր զոհերի մոտ ներկայացել էր որպես մեկ՝ ՀՀ գլխավոր դատախազության աշխատակից, մեկ՝ զինվորական դատախազի տեղակալ ու նորակառույց շենքերից մեկում բնակարան ձեռք բերելու համար որպես կանխավճար քաղաքացուց ստացել էր խոշոր չափի գումար։

Աղբյուրի տեղեկություններով՝բերման ենթարկվածը քաղաքացիներից հափշտակել էր տարբեր չափի գումարներ՝ կես միլիոնից մինչև 3 մլն 350 հազար դրամ։ Սարգիս Ս.-ն նախկինում դատապարտված է եղել մի շարք խարդախություններ կատարելու համար։

Ավելի ուշ  հայտնաբերվել է ևս մեկ տուժած, ով Ուկրաինայի քաղաքացի է. Սարգիս Ս.-ն նրա վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է 5 հազար ԱՄՆ դոլար, ՌԴ և ՀՀ դրամներ, ինչպես նաև ոսկյա վզնոց։ Կան տեղեկություններ, որ նա հարվածել է այդ կնոջ պարանոցին ու ոտքին և բացահայտ հափշտակել ձեռքի ոսկյա շղթան։

 

Լրահոս

Դիտել ավելին