Կարևոր իրադարձություններ

Շոու-բիզնեսը, չեմ կարծում, որ մեր հասարակության համար առաջնահերթություն է.Ռազմիկ Մարտիրոսյան

02 Մարտ, 2019 19:35
Շոու-բիզնեսը, չեմ կարծում, որ մեր հասարակության համար առաջնահերթություն է.Ռազմիկ Մարտիրոսյան

Պետական եկամուտների կոմիտեն դեռևս 2018 թվականի դեկտեմբերի 18-ին շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին և նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձանց, հորդորեց ստանալ պետական գրանցում կամ հաշվառվել հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական եկամուտները և վճարել հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով:

«Հատկապես շոու-բիզնեսի ներկայացուցիչներին պարտադիր պետք է բերել հարկային դաշտ: Պետությունը կարող է հարկային արտոնություններ տալ իր առաջնահերթություններով սահմանված ոլորտներում, օրինակ՝ թատրոններ, թանգարաններ, որոնք մշակութային առումով շատ կարևոր են հասարակության զարգացման առումով, բայց բավականաչափ եկամուտներ չունեն, իսկ շոու-բիզնեսը, չեմ կարծում, որ մեր հասարակության համար առաջնահերթություն է՝ մշակութային առումով:  Առավել ևս չգիտենք, թե այդ շոու-բիզնեսն ինչպիսի՞ վարք է առաջացնում մեր հասարակության մեջ: Հարկելը, կարծում եմ՝ շատ արդարացի է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախկին սոցապնախարար, սոցիոլոգ Ռազմիկ Մարտիրոսյանը:

Նշենք, որ փետրվարի 22-ին ՊԵԿ-ը շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներին, ովքեր հարկման համակարգերի առանձնահատկությունների վերաբերյալ հարցեր ունենալու պատճառով չեն ներկայացրել համապատասխան հաշվարկները, հրավիրել էր կոմիտե՝ հետաքրքրող հարցերին պարզաբանում տալու: Բայց Հարկայինի իրավաբանների հետ հանդիպման էին գնացել ոչ թե երգիչ-երգչուհիները, այլ նրանց ներկայացուցիչները, պրոդյուսերները: Նրանց էլ հայտնեցին, որ, եթե կա եկամուտ, կլինի և հարկ:

Հիշեցնենք, որ եկամուտներն ինքնակամ հայտարարագրելու վերջնաժամկետը ապրիլի 20-ն է:

 

Լրահոս

Դիտել ավելին