Կարևոր իրադարձություններ

Հայաստանի իշխանություններն այս հարցում թափանցիկ և անկեղծ պետք է լինեն. քաղաքագետը՝ Սիրիա ուղարկված առաքելության մասին

11 Փետրվար, 2019 18:08
Հայաստանի իշխանություններն այս հարցում թափանցիկ և անկեղծ պետք է լինեն. քաղաքագետը՝ Սիրիա ուղարկված առաքելության մասին

Փետրվարի 8-ին ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով: Այս փաստը բուռն քաղաքական քննարկումների առիթ դարձավ:

«Կան մարդիկ, ովքեր այս որոշումը համարում են սխալ, մարդիկ էլ կան, ովքեր այն ճիշտ են համարում՝ նշելով, որ Հայաստանը դեռ վաղուց պիտի ներգրավվածություն ունենար Սիրիայում»,- Shabat.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

Հարցին՝ Հայաստանի իշխանությունների այս քայլը կարո՞ղ է ազդել հայ-ամերիկյան հարաբերությունների վրա, մեր զրուցակիցը պատասխանեց.

«ԱՄՆ-ից դեռևս գնահատական չկա այս հարցի վերաբերյալ: Ես կարծում եմ՝ մոտ օրերս կունենանք Միացյալ Նահանգների պաշտոնական դիրքորոշումը, որում նրանք կհայտնեն՝ ինչ են մտածում այս հարցի վերաբերյալ»:

Դիտարկմանը, թե նման որոշում կայացվել է հայ-ռուսական հարաբերություններում նշմարվող խնդիրները հարթելու նպատակով, քանի որ ռուսական կողմը ցանկացել է Սիրիայում ներգրավել իր դաշնակիցներին, Սուրեն Սարգսյանն արձագանքեց. 

«Բնական է, որ քաղաքական դաշտում պետք է այսպիսի գնահատականներ լինեին, որովհետև  հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական բնույթի են: Կարծում եմ՝ այստեղ Հայաստանի իշխանությունները թափանցիկ և անկեղծ պետք է լինեն: Պետք է լրացուցիչ տեղեկություններ տրամադրեն թե՛ հանրությանը, թե փորձագետներին, որպեսզի ավելի ճիշտ վերլուծություններ արվեն ու ճիշտ գնահատականներ տրվեն:

Հարցեր կան, որոնց պատասխանները չլինելու պատճառով է, որ մենք կանգնած ենք նման ծայրահեղ քննարկումների կիզակետում: Օրինակ՝ ի՞նչ ժամկետներով են ուղարկվել զինվորականները, արդյո՞ք ռոտացիոն սկզբունք եղել է, արդյո՞ք կոնտինգենտը մեծանալու է, համաձայնագիր եղե՞լ, թե՝ ոչ, պաշտպանության նախարարությու՞նն է հրավիրել, թե կառավարությունը: Եթե այս հարցերի պատասխանները լինեն, բոլոր մտահոգությունները կփարատվեն»,- հավելեց քաղաքագետը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին