Կարևոր իրադարձություններ

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ աշխատանքային կոլեկտիվը հայտարարություն է տարածել

09 Փետրվար, 2019 10:40
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ աշխատանքային կոլեկտիվը հայտարարություն է տարածել

Վերջին տասնօրյակում կրկին ակտիվացել են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի վերաբերյալ կեղծ, ստահոդ և անհիմն տեղեկությունների տարածումը լրատվական միջոցներով ինչպես նաև շահարկումները տարբեր ուժերի կողմից: Ապատեղեկատվության աղբյուր հանդիսացող այսպես կոչված «Նաիրիտի» համակարգող խումբը և մասնավորապես այդ խմբի ղեկավար Կարեն Իսրաելյանը, ով հանդիսանում է նաև «Եվրոպական Միություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն հոլդինգ» անվանումով օտարերկրյա կասկածելի ծագմամբ ընկերության հայաստանյան ներկայացուցիչը, նախկինում նույնպես տարածում էր նմանատիպ լուրեր:

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատանքային կոլեկտիվը արդեն իսկ այդ ամենի վերաբերյալ հայտնել է իր մտահոգությունը: Հարցի քննարկման նպատակով 31.10.2018թ.-ին կառավարչի կողմից հրավիրվեց «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտատերերի ժողով, որին մասնակցում էինք նաև աշխատանքային կոլեկտիվի ներկայացուցիչներս և նշված Հոլդինգի ներկայացուցիչ Կ. Իսրաելյանը:

Ժողովի ընթացքում հստակ արձանագրվեցին հետևյալ ուշագրավ փաստերը.

1. Հոլդինգի առաջարկով և ՀՀ տնտեսական զարգացման նախարարության նախաձեռնությամբ պետք է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում օտարերկրյա և հայաստանյան մոտ 100 հոգանոց մասնագիտական խմբի կողմից անցկացվեր «տեխնիկական աուդիտ» մինչև 2018թ.-ի դեկտեմբեր, որից հետո ըստ Հոլդինգի ներկայացուցիչ Կ.Իսրաելյանի պետք է Հոլդինգը 2018թ. դեկտեմբերին ՀՀ Փոխվարչապետ Տ.Ավինյանի գրասենյակ ներկայացներ ներդրումային ծրագիր:

Ցանկանում ենք տեղեկացնել, որ իբրև «տեխնիկական աուդիտ» անցկացնողներ փաստացի հանդես են եկել և «Նաիրիտ գործարան» ՓԲԸ մուտք են գործել թվով 16 նախկին աշխատողներ, որոնք ոչ մի աղերս չունեն աուդիտորական գործունեության հետ:

Վերջիններս օրական 2-3 ժամ կատարել են որոշակի զննումներ: Այս փաստը, որ իրականում ոչ մի տեխնիկական կամ այլ կարգի աուդիտ չի անցկացվել, ժողովի ընթացքում ընդունեց նաև Հոլդինգի ներկայացուցիչը: Այնուամենայնիվ,ժողովի մասնակիցները ընդառաջեցին, որպեսզի հնարավորություն ընձեռնվի Հոլդինգին ներդրումային ծրագիր ներկայացնել: Ներկայումս 2019թ.-ի փետրվար ամիսն է և ըստ էության որևէ կոնկրետ ներդրումային ծրագիր Հոլդինգի կամ նրա ներկայացուցիչ Կ.Իսրաելյանի կողմից չի ներկայացվել, հակառակ դեպքում գոնե կլինեին կոնկրետ քննարկումներ:

Անդրադառնալով 06.02.2019թ. 1in.am լրատվականով «$ 250 միլիոն ներդրում, 10 հազար աշխատատեղ. փետրվար-մարտին նախատեսվում է ստորագրել «Նաիրիտ»-ի վերագործարկման պայմանագիրը» վերնագրով հրապարակմանը՝ ՀՀ Կառավարությանը խնդրում ենք հրապարակայնորեն պարզաբանել թե ինչքանով են իրականությանը համապատասխանում հոդվածում նշված փաստերը՝ կապված ներդրումային պայմանագրի հետ: Համապատասխան պարզաբանում չտրվելու պարագայում հրապարակված հոդվածը կհամարվի ընդամենը Հոլդինգի կողմից տարածվող ապատեղեկատվություն և մանիպուլիացիա հանրային կարծիքի վրա:

2. Ժողովի ընթացքում Հոլդինգի ներկայացուցիչ Կ.Իսրաելյանը անդրադառնալով իր հրապարակումներին խոստացավ, որ այլևս չի հրապարակի աշխատանքային կոլեկտիվի արժանապատվությունը և բարի համբավը նսեմացնող, ինչպես նաև սնանկության վարույթի օրենքով նախատեսված ընթացակարգին խոչընդոտող կեղծ տեղեկություններ: Սակայն օրերս «Նաիրիտի» համակարգող խմբի ղեկավար և միաժամանակ Հոլդինգի ներկայացուցիչ Կ.Իսրաելյանի կողմից վայնասուն է բարձրացվել իբրև ՀՀ Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցների «Նաիրիտ գործարան» ՓԲԸ մուտք գործելուց մինչև չինացիների գաղտնի այց և տեխնոլոգիաների վաճառք: Այս ամենին հարցազրույցների միջոցով արձագանքել են ՀՀ Վարչապետի նախկին օգնական, այժմ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը և Փոխվարչապետ Տ.Ավինյանի գրասենյակի ղեկավար Վ. Սիսեռյանը:
Վերոնշյալ փաստերի վերաբերյալ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ աշխատանքային կոլեկտիվը հայտնում է իր դիրքորոշումը.

Նախ ՀՀ Ոստիկանության 6-րդ վարչությունը «Նաիրիտ գործարան» ՓԲԸ է մուտք գործել դեռևս 2017թ.-ի գարնանը և ՀՀ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ: Վարչապետի նախկին օգնականը պետք է որ տեղեկացված լիներ այդ մասին, իսկ հակառակ դեպքում պարտավոր էր կատարել պատշաճ ուսումնասիրություն, ոչ թե առաջնորդվեր միայն Կ.Իսրաելյանից ստացված տեղեկատվությամբ, որից հետո հրապարակայնորեն հայտարարեր «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում չարաշահումների մասին: Վերջինս, ըստ լրագրողին տրված իր հարցազրույցի, նույնիսկ անտեղյակ է, որ հենց օֆշորների հետ կապված մի քանի տասնյակ միլիոն դոլարի հասնող գործարքներն են կազմում քրեական գործի հարուցման հիմքը և այդ գործարքներին իր անմիջական մասնակցությունն ունի նույն ինքը՝ 2006թ.-ին և 2007թ.-ին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրեն, ներկայումս «Նաիրիտի» համակարգող խմբի ղեկավար և միաժամանակ Հոլդինգի ներկայացուցիչ Կ.Իսրաելյանը:

ՀՀ Փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վ.Սիսեռյանը առանց որևէ ճշգրտումների,նույնպես առաջնորդվել է միայն Կ.Իսրաելյանի տեղեկատվությամբ և հրապարակայնորեն հանդես է եկել հայտարարություններով ու «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցների նկատմամբ մեղադրանքներով:

Այս ամենի համատեքստում, որպես «Նաիրիտ գործարան» ՓԲԸ բազմամյա աշխատակիցներ և ուղղակի որպես ՀՀ քաղաքացիներ, հայտնում ենք մեր մտահոգությունը ստրատեգիական այսպիսի նշանակություն ունեցող օբյեկտի նկատմամբ նմանատիպ անհեռանկար գործողությունների վերաբերյալ, որպեսզի Նոր Հայաստանում չկրկնվեն պաշտոնական դիքի չարաշահումները, վարչական ռեսուրսների կիրառումները և «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն չդարձնեն նեղ անձնային կամ խմբային շահերի առարկա, ինչի արդյունքում փաստացի վարկաբեկվում է Նոր իշխանությունների աշխատանքը և քաղաքացիների մոտ առաջանում են հիասթափություն և անվստահություն:

Հ.Գ. «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատանքային կոլեկտիվը ձեռնարկելու է օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ կոլեկտիվի արժանապատվությանն ու բարի համբավին վնաս հասցնողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատանքային կոլեկտիվ

 

Լրահոս

Դիտել ավելին