Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483,5

  • EUR

    533
    541

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

 

ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել «Արմավիր» ՔԿՀ

05 Փետրվար, 2019 11:31
ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել «Արմավիր» ՔԿՀ

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, ինչպես նաեւ աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացած ահազանգերի հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ փետրվարի 4-ին այց է իրականացվել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված, այդ թվում՝ հացադուլ հայտարարած 3 անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, ինչպես նաեւ բժշկական փաստաթղթերը:

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել հացադուլ հայտարարած անձանց, այդ թվում՝ ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանի հետ:

Վաղարշակ Ավետիսյանի հետ առանձնազրույցի ընթացքում վերջինս հայտնել է, որ համաձայն չէ իր նկատմամբ կայացված դատավճռի հետ եւ այդ պատճառով հայտարարել է հացադուլ ու հրաժարվել է սննդից:

Առանձնազրույցի ընթացքում նա նշել է նաեւ, որ ցանկանում է ստանալ համապատասխան տեսակի սննդամթերք, որը քննարկվել է ՔԿՀ-ի վարչակազմի հետ եւ ստացել լուծում:

Վերոգրյալից բացի, Վաղարշակ Ավետիսյանը բարձրացրել է նաեւ պահման պայմանների հարց, որը եւս քննարկվել է ՔԿՀ վարչակազմի ներկայացուցիչների հետ, եւ վերջիններիս հավաստմամբ՝ նշված հարցը հնարավորինս արագ լուծում կստանա:

Ուսումնասիրվել են նաեւ Վաղարշակ Ավետիսյանի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, այդ թվում՝ բժշկական քարտը:

Արձանագրվել է, որ Վաղարշակ Ավետիսյանի բժշկական քարտում նրա առողջական վիճակի վերաբերյալ առկա են բժշկի կողմից կատարված ամենօրյա գրառումներ: Նրա առողջական վիճակի եւ դրա նկատմամբ բժշկական վերահսկողության հարցերը քննարկվել են ՔԿՀ-ի բուժանձնակազմի հետ:

Պաշտպանի ներկայացուցիչներին բուժանձնակազմը տրամադրել է պարզաբանումներ այն մասին, որ ներկայում Վաղարշակ Ավետիսյանի գիտակցությունը պարզ է, հարցերին պատասխանում է ճիշտ եւ ըստ էության: Դեղորայքային միջամտության անհրաժեշտություն չկա: Պարզաբանվել է նաեւ, որ Վաղարշակ Ավետիսյանը գտնվում է ՔԿՀ բժշկական սպասարկման բաժնի դինամիկ հսկողության տակ:

Իր վերաբերյալ դատավճռի վերանայման հետ կապված հարց է բարձրացրել 2019 թվականի փետրվարի 1-ից հացադուլի մեջ գտնվող եւս մեկ ազատությունից զրկված անձ: Վերջինիս պարզաբանվել է, որ իր կողմից բարձրացված հարցի լուծումը դուրս է Պաշտպանի լիազորություններից:

2019 թվականի փետրվարի 4-ից հացադուլ հայտարարած մեկ այլ անձ բարձրացրել է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման, ինչպես նաեւ իր ֆինանսական միջոցների հաշվին եւ իր նախընտրած բուժհաստատությունում իրեն անհրաժեշտ բժշկական հետազոտությունները կազմակերպելու եւ բավարար ծավալով բուժում ստանալու հետ կապված հարցեր: Այս առնչությամբ ազատությունից զրկվածը Մարդու իրավունքների պաշտպանին է ներկայացրել համապատասխան դիմում:

Հացադուլ հայտարարած անձանց պարզաբանվել է առողջության համար սննդից հրաժարվելու բացասական հետեւանքները:

Հացադուլ հայտարարած անձանց կողմից բարձրացված հարցերի կապակցությամբ նաեւ համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ արդարադատության նախարարություն:

Այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ նաեւ ազատությունից զրկված այլ անձանց հետ: Բողոքների հիմնական մասը վերաբերել է նշանակված դատավճիռների վերանայման հնարավորություններին, ցուցաբերվող բժշկական օգնությանը, Համաներման մասին օրենքի կիրառմանը, ինչպես նաեւ պատժի հետագա կրելը շարունակելու համար մեկ հիմնարկից մեկ այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուն:

Նշված հարցերի մի մասի վերաբերյալ Պաշտպանին ներկայացվել են գրավոր դիմում-բողոքներ, իսկ որոշ հարցեր քննարկվել են նաեւ ՔԿՀ ղեկավարության հետ:

Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերի լուծման կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակներում կձեռնարկվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին