Կարևոր իրադարձություններ

Շտապ օգնության կանչերը սպասարկվելու են նաեւ թեթեւ մարդատար ավտոմեքենաներով

23 Հունվար, 2019 23:36
Շտապ օգնության կանչերը սպասարկվելու են  նաեւ թեթեւ մարդատար ավտոմեքենաներով

Շտապ օգնության ծառայությանը զուգահեռ շուտով կգործի մեկ այլ ծառայություն, երբ կանչերը կսպասարկվեն թեթեւ մարդատար ավտոմեքենաներով:

Այս նախաձեռնության անհրաժեշտությունը առաջացել է՝ հաշվի առնելով առկա վիճակագրությունը, ըստ որի՝ կանչերի մեծ մասը խրոնիկ հիվանդությունների պատճառով են: Շտապ օգնության կանչերի միայն 30 տոկոսի դեպքում է, որ անձը տեղափոխվում է հիվանդանոց, իսկ մնացած 70 տոկոս դեպքերում բուժանձնակազմից պահանջվում է ընդամենը որոշակի բուժօգնություն ցույց տալ, ինչի համար կարելի էր դիմել ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններ կամ հարազատների օգնությամբ տեղափոխվել հիվանդանոց: Մինչդեռ շտապ օգնության այս չարդարացված ծանրաբեռնվածությունը պատճառ է դառնում ուշացումների, երբեմն էլ անդառնալի հետեւանքների հանգեցնում:

 «Մտածում ենք ներդնել բժշկի երեկոյան կանչերի մի նոր համակարգ: Ընդամենը բժշկական օգնություն ցուցաբերելու համար կանչերը կփոխանցվեն թեթեւ մարդատար մեքենաներով հերթապահություն անող բժիշկներին, որոնք կգնան տուն, այդ պահին անհրաժեշտ թեթեւ բուժօգնությունը կցուցաբերեն՝ խորհուրդ տալով, ասենք, վաղը դիմել բժշկի, հիվանդանոց կամ պոլիկլինիկա: Եվ շտապ օգնության կանչերը իրոք կդառնան շտապ օգնություն»,- ասաց Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ այդ փորձին ծանոթացել է Ավստրիայում:

Նորամուծությունն առայժմ կգործի միայն Երեւանում, որովհետեւ վերոնշյալ խնդիրն, ըստ նախարարի, հատուկ է հիմնականում մայրաքաղաքին: Ենթադրվում է, որ թեթեւ մարդատար ավտոմեքենայով սպասարկվող կանչերը նույնպես կլինեն անվճար, որովհետեւ հնարավորություն կստեղծվի այդ նպատակին ուղղել շտապ օգնության նվազող ծախսերի հաշվին խնայվելիք պետական միջոցները: Շտապ օգնության սպասարկված յուրաքանչյուր կանչի դիմաց պետությունը վճարում է 7 հազար դրամ:

 

Լրահոս

Դիտել ավելին