Կարևոր իրադարձություններ

Գևորգ Մուրադյանն ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

22 Հունվար, 2019 12:20
Գևորգ Մուրադյանն ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը Գևորգ Մուրադյանին միաձայն ընտրեց հոգաբարձուների խորհրդի նախագահ: Նա, խոսելով անելիքների մասին, նշեց, որ նախ պետք է հասկանալ խնդիրների առաջնահերթությունը, թե ինչ բարեփոխումների հնարավորությունների դեպքում կարող են գումարային ներհոսք ապահովել, միջազգային ստանդարտների բարձր որակի կրթություն տալ և լավ վարձատրել դասախոսներին: Ըստ Հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահի՝ այդ ամենը կնպաստի ԵՊՀ-ի հեղինակության բարձրացմանը: Նա խոստացավ ամիսը մեկ անգամ հանդիպել ուսանողների հետ:

Այնուհետև Հոգաբարձուների խորհուրդն ընտրեց քարտուղար, որի համար երկու թեկնածու էր առաջադրվել` Ամալյա Սողոմոնյանը և Արթուր Իսրայելյանը: Հոգաբարձուների անդամներից մեկը նկատեց, որ քարտուղարի պաշտոնի համար առաջադրվող թեկնածուները շատ զբաղված են: «Կարծում եմ՝ դուք շատ զբաղված եք, շատ գործեր եք անում և ավելացնել ևս մեկը, կարծում եմ, որ սխալ է: Գուցե մի քիչ մտածեք, ես ձեր թեկնածությանը դեմ չեմ, դեմ եմ շատ զբաղված մարդուն այդ աշխատանքը տալուն»,-ասաց նա:  

Այսպիսով՝ 16 ձայնով ընտրվեց Արթուր Իսրայելյանը:

ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը խորհրդի նախագահի պաշտոնում առաջարկեց Գևորգ Մուրադյանի թեկնածությունը: «Վերջին շրջանում մամուլում շատ խոսակցություններ կային իմ թեկանծության մասին, և դրա համար ես որոշեցի առաջարկել Գևորգ Մուրադյանի թեկնածությունը»,-ասաց նա և նշեց, որ Գևորգ Մուրադյանը համալսարանի սան է, գիտաշխատող՝ բավականին մեծ փորձառությամբ:

«Նրա թեկնածությունը և ընտրությունը, կարծում եմ, որ խորհրդանշանական է այն իմաստով, որ մենք վերահաստատում ենք, որ չկան հներ և չկան նորեր, և շեշտը դնում ենք պրոֆեսիոնալիզմի վրա: Նրա փորձը մեծ նպաստ կբերի համալսարանին և այն բարեփոխումների ճանապարհով տանելուն»,-ասաց նա:

Գևորգ Մուրադյանը շնորհակալություն հայտնեց իր թեկնածությունն առաջադրելու համար: Նա խոսեց համալսարանի խնդիրների, առաջիկա անելիքների մասին և նկատեց, որ ամբողջ աշխարհում բարձրագույն կրթությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած: «Մի բան կարող եմ խոստանալ, որ իմ բոլոր գործողություններն ուղղված են լինելու ԵՊՀ-ի օբյեկտիվ շահին»,-ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին