Կարևոր իրադարձություններ

Մտքովս էլ չէր անցնում, որ այս արատավոր պրակտիկան նույնությամբ կրկնվելու է. «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր

22 Հունվար, 2019 10:45
Մտքովս էլ չէր անցնում, որ այս արատավոր պրակտիկան նույնությամբ կրկնվելու է. «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը անդրադարձել է մարզպետների կողմից իրենք իրենց և իրենց աշխատակիցներին, ինչպես նաև Երևանի քաղաքապետի կողմից աշխատակիցներին պարգևատրելուն:

Նա իր ֆեյսբուքյան գրառման մեջ ասել է.

«Համատարած պարգևատրումների և 13-րդ աշխատավարձի մասին խոսել եմ դեռևս մեկ ամիս առաջ, հարցազրույցներից մեկի ընթացքում, երբ մտքովս էլ չէր անցնում, որ այս արատավոր պրակտիկան նույնությամբ կրկնվելու է։ Սա արատավոր պրակտիկա է ոչ թե այն պատճառով, որ համատարած կիրառվում էր նախկինում, այլ ընդհանրապես կառավարման համակարգի չգործելու դրսևորումներից մեկն է, որը բացառել է առողջ մրցակցության, աշխատանքի գնահատման հիման վրա պարգևատրման մեխանիզմների և աշխատանքային մոտիվացիայի ստեղծման հնարավորությունները:

Պարգևատրման ճիշտ և աշխատանքի արդյունավետության գնահատման վրա հիմնված մեխանիզմ ստեղծելու, նաև այն կիրառելու համար իհարկե ժամանակ է պետք:

- Կարո՞ղ էին արդյոք մարզպետներն ու Երևանի քաղաքապետն այս անգամ խուսափել համատարած ու չարդարացված պարգևատրումներից, թերևս ոչ, քանի որ տարիներով այդ համակարգում և հենց այս սկզբունքով աշխատողները սպասում էին այդ 13-րդ աշխատավարձին, որը միշտ ստացել են, և չստանալը որևէ կերպ արդարացված չէր լինի, քանի դեռ ներդրված չեն աշխատանքի գնահատման մեխանիզմները, մյուս բոլոր որոշումները կդիտարկվեին ու կորակվեին սուբյեկտիվ և անարդար:

- Պե՞տք է արդյոք խուսափեին նոր աշխատողներին, և իրենք իրենց պարգևատրելու գայթակղությունից, չնայած որ շատ լավ գիտեմ՝ շատերն իրապես աշխատում և աշխատել են օր ու գիշեր, բայց` այո՛, պետք է խուսափեին, իրավական առումով խնդիրներ չկան, միայն մեկն է օրենքի տիրույթից դուրս եկել, բայց առավել կարևորը բարոյական կողմն է, և այս բարոյական պատասխանատվության ու հաշվետվողականության մասին է, որ երբեք չպետք է մոռանալ, ու այսօրվա պահանջատեր հասարակությունը թույլ չի տա այդ կողմն անտեսել:

Կարևոր էր, որ այս խնդիրը բարձրացվեց, որը մեկ անգամ ևս ցույց տվեց, թե որքան անկատար է մեր պետական կառավարման ողջ համակարգը ու թե որքան աշխատանք կա անելու»:

 

Լրահոս

Դիտել ավելին