Կարևոր իրադարձություններ

Դուք պատրա՞ստ եք հակադրվել Կառավարությանը. Գևորգ Գորգիսյանը՝ Արարատ Միրզոյանին

14 Հունվար, 2019 13:23
Դուք պատրա՞ստ եք հակադրվել Կառավարությանը. Գևորգ Գորգիսյանը՝ Արարատ Միրզոյանին

ԱԺ-ը տարիներ շարունակ ունեցել է մեկ խնդիր, դա ԱԺ դերի ու նշանակության ցածր լինելն է. ԱԺ նախագահի ընտրության հարցի քննարկմանը, դիմելով ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանին, նկատեց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

Նա ընդգծեց, որ Միրզոյանի հետ համատեղ պայքարել են ԱԺ-ի դերը բարձրացնելու համար, որպեսզի ԱԺ-ն չլինի Կառավարության կցորդ և գործիք Կառավարության ձեռքում, այլ լինի գործոն:

«Եթե առաջիկայում լինի դեպք, դուք պատրա՞ստ եք հակադրվելու Կառավարությանը՝ բարձրացնելու ԱԺ-ի դերը և ԱԺ-ն սարքելու իրապես թիվ մեկ քաղաքական ամբիոնը, հարթակն ու գործոնը»,- հարցրեց նա:

Արարատ Միրզոյանը համաձայնվեց, որ ավանդաբար մեծ դեր չի ունեցել ԱԺ-ն քաղաքական համակարգում և նկատեց, որ պետք է միայն ու միայն հետայսու բարձրանա այդ դերը, և միասին պետք է այդ ջանքերը գործադրեն:

«Տրամաբանական է, որ մեծամասնությունը կառավարության հենարանն է խորհրդարանում, և բնական կլինի՝ կառավարության նախաձեռնությունների գերակշիռ մասը աջակցություն ստանա այս մարմնում, բայց պետք է խորհրդարանը հանդես գա օրենսդրական նախաձեռնություններով, փոխի համամասնությունը, աշխատի կառավարության հետ ոչ թե ինքնանպատակ կերպով հակադրվելով կառավարությանը, այլ համատեղ աշխատելով երկրի ու հասարակության համար առավել լավ իրավական դաշտ ունենալու ուղղությամբ»,- ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին