Կարևոր իրադարձություններ

Մոսկվայում դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ՀՀ քաղաքացի

10 Հունվար, 2019 13:51
Մոսկվայում դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ՀՀ քաղաքացի

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Սոխի անունով Հայաստանի 68-ամյա քաղաքացի, որն իրականացնում էր տան նորոգման աշխատանքներ:

Ինչպես գրում է «Московский Комсомолец» պարբերականը, միջադեպը տեղի է ունեցել հունվարի 9-ին: Տղամարդուն տան նորոգման աշխատանքների համար վարձել էին Ալեքսանդր անունով ձեռնարկատերն ու նրա կինը: Նրանց բնակարանի լոգարանում նորոգման աշխատանքներ իրականացնելիս 68-ամյա Սոխին պատահաբար վնասել է չորացուցիչի խողովակն ու տաք ջրի արտահոսքի ժամանակ չի կարողացել դուրս գալ լոգասենյակից:

Նշվում է, որ Սոխին պետք է սալիկապատեր լոգասենյակը, ինչին խանգարում էր չորացուցիչի դիրքը, այն անջատելու համար հրավիրվել է սանտեխնիկ: Վերջինս խնդրել է պատի ներսում մոտ 10 սմ-ով մեծացնել դեպի տաք ջրի հոսքն արգելափակող փական տանող անցքը: Սոխին վստահեցրել է, որ անձամբ կզբաղվի հարցով ու վաղ առավոտյան անցել է գործի:

Ավելի ուշ տանտիրուհուն զանգահարել են շենքից ու տեղեկացրել իր բնակարանում ջրի արտահոսքի մասին: Երբ տանտիրուհին տեղ է հասել՝ բանվորն արդեն անգիտակից ընկած է եղել բաղնիքում, իսկ խողովակներից մեծ քանակությամբ տաք ջուր է հոսել:

Ենթադրվում է, որ ՀՀ քաղաքացին մահացել է չորացուցիչի նորոգման ժամանակ կա՛մ հոսանքահարվելով, կա՛մ ստանալով լուրջ այրվածքներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին