Կարևոր իրադարձություններ

Ապօրինի շինարարության եւ պետությանը պատճառած խոշոր վնասի դեպքով է քրեական գործ է հարուցվել

26 Դեկտեմբեր, 2018 17:01
Ապօրինի շինարարության եւ պետությանը պատճառած խոշոր վնասի դեպքով է քրեական գործ է հարուցվել

Երեւանի քաղաքապետարանը «Անի-97» ՍՊ ընկերության տնօրենի` շինարարական աշխատանքների ընթացքում թույլ տված տարաբնույթ չարաշահումների վերաբերյալ գրություն էր ուղարկել ոստիկանություն:

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Խաղաղ Դոնի 1/34 հասցեում գտնվող, ընկերության տնօրենի մորը պատկանող հողատարածքում 1270 քմ մակերեսով շինություն կառուցելու համար նախագծվել եւ ստացվել է շինարարության թույլտվություն։

Ընկերության տնօրենը սահմանված կարգով շինարարություն կատարելու արտոնագիր ունեցող կազմակերպության հետ կապալի պայմանագիր կնքելու փոխարեն, անհայտ աղբյուրներից ձեռք է բերել շինանյութ, առանց աշխատանքային պայմանագրի վարձել անհատ շինարարների, եւ փաստացի՝ կազմակերպել ու իրականացրել է օբյեկտի կառուցապատումը, որի տարածքները հետագայում պետք է վարձակալությամբ տրվեին տարբեր տնտեսվարողների:

Արդյունքում՝ ընկերության տնօրենը առանց հատուկ թույլտվության իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական՝ կառուցապատման գործունեություն։

Շինարարատեխնիկական եւ դատահաշվապահական փորձաքննության եզրակացության համաձայն պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 44,391,000 դրամի չափով վնաս։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով զուգորդված ապօրինի ձեռնարկատիրության հատկանիշներով։

Հիշեցնենք, որ «Անի-97» ընկերությունն այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներից սկսած Գյուրջյան փողոց 1/3 հասցեում առանց թույլտվության  իրականացնում էր շինարարություն: Ընկերությունը, անտեսելով քաղաքապետարանի նախազգուշացումները, իրեն սեփականության իրավունքով պատկանող 972 քմ եւ Երեւան համայնքին սեփականության իրավունքով պատկանող 160 քմ մակերեսներով հողատարածքների վրա կառուցել էր հասարակական նշանակության երկհարկանի ապօրինի շինություն: Արդյունքում պետությանը եւ համայնքին պատճառվել էր խոշոր չափերի վնաս: Երեւանի քաղաքապետի որոշմամբ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ շինությունը քանդվել էր: Ընկերության սեփականություն հանդիսացող տարածքի շինարարությունը կասեցված է:

 

Լրահոս

Դիտել ավելին