Կարևոր իրադարձություններ

Ամանորին ընդառաջ ՀՀ ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության

26 Դեկտեմբեր, 2018 16:02
Ամանորին ընդառաջ ՀՀ ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության

Ամանորին հաշված օրեր են մնում: Տոնական տրամադրությունն իր հետ բերում է տոնական եռուզեռ: Եվ ցավոք, հենց այս օրերին է, որ ավելանում են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները` հիմնականում պայմանավորված Նոր տարվա նախապատրաստությունների ընթացքում դրամային շրջանառության ծավալների աճով:

Այդ իսկ պատճառով հիշյալ ժամանակահատվածում, հասարակական կարգի, հասարակական անվտանգության ապահովման, հանցագործությունների և իրավախախտումների նախականխման, կանխման ու բացահայտման նկատառումներով ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության:

Ոստիկանության տարածքային բաժիններում արդեն ձևավորվել են շրջիկ խմբեր, որոնք ծառայություն են իրականացնում հասարակական նշանակության ռիսկային օբյեկտների` մասնավորապես տարադրամի փոխանակման կետերի, գրավատների, խոշոր դրամաիրային շրջանառություն ունեցող առևտրի կետերի տարածքներում: Պարեկապահակետային ծառայություն իրականացնող վերակարգերը մոտեցվել են նշված ռիսկային օբյեկտներին: Ոստիկանության ծառայողները շրջագայություններից զատ պրոֆիլակտիկ այցելություններ են կատարում, տարադրամի փոխանակման կետեր, գրավատներ, նաև շուրջօրյա գործող դեղատներ:

Ոստիկանները դեղատան աշխատակիցներին հիշեցնում են նաև, որ ժամը 22-ից հետո անհրաժեշտ է դեղորայքը վաճառել դեղատան պատուհանից: Տարադրամի փոխանակման կետերի ու գրավատների աշխատակիցներին էլ խորհուրդ են տալիս ուշ ժամերին միայնակ չաշխատել: Չի կարելի անհարկի բաց թողնել դուռը կամ թեկուզ մի քանի րոպեով հեռանալ տարադրամի փոխանակման կետից: Պարբերաբար պետք է ստուգել սարքի՞ն են տեսահսկող սարքերը, ձայնազդանշանային համակարգը միացվա՞ծ է, թե ոչ:
Ոստիկանությունը քաղաքացիների հանդեպ հոգատար վերաբերմունքն իր պարտքն է համարում և այս օրերին շարունակելու է աշախատել ուժեղացված ռեժիմով:
Մնում է` ինքներս մի փոքր ուշադիր լինենք մեր ու շրջապատի հանդեպ և հետևենք անվտանգության կանոներին:

 

Լրահոս

Դիտել ավելին