Կարևոր իրադարձություններ

Մարդկանց հասցվող այս սոցիալական հարվածը որևէ աղերս չունի հայտարարված նպատակների հետ. Աշոտյանը՝ նախարարությունների օպտիմալացման մասին

21 Դեկտեմբեր, 2018 15:37
Մարդկանց հասցվող այս սոցիալական հարվածը որևէ աղերս չունի հայտարարված նպատակների հետ. Աշոտյանը՝ նախարարությունների օպտիմալացման մասին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նախարարությունների օպտիմալացմանը:

«1. ԿԳՆ-ն տեղից մեծ նախարարություն է՝ ահռելի ծանրաբեռնվածությամբ, անհամար գործառույթներով, օրուգիշեր աշխատելու դեպքում հազիվ-հազ իր գործերը հասցնող: Որևէ նոր բեռ չի ձգի, անկախ անձերից:

2. Մշակույթի նախարարություն ունեն բոլոր այն երկրները, որոնց համար ազգային ինքնության պահպանման հարցը կարևոր է, որոնք ունեն մշակութային ահռելի ժառանգություն, կամ որոնց համար, պատմության բերումով, մշակույթը նաև քաղաքական իմաստ ունի: 

Որևէ մեկի մտքով Հունաստանում, Իտալիայում կամ Սերբիայում չի անցնի փակել Մշակնախը: Հայ-ադրբեջանական դիմակայության մեջ այս տարվա մեծագույն հարվածը մենք իրականում ստացել ենք UNESCO-ում, որտեղ մերոնց անգործության և դիլետանտիզմի պատճառով ադրբեջանցիները կարողացան գրանցել իրենց քոչարիանման պարը, այն էլ՝ երբ անցյալ տարի մեր ջանքերով քոչարին արդեն գրանցված էր ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում որպես հայկական երևույթ: Այս պատմության ամենավտանգավոր պահն այն է, որ ադրբեջանցիներն այդ պարը գրանցել են, ուշադրություն, որպես Նախիջևանի տարածաշրջանային պար: Հասկանու՞մ եք, ինչ է կատարվել:

3. ժամանակին Սփյուռքի նախարարություն ստեղծելը երկու հիմնական նպատակ ուներ՝ 

ա. ԱԳՆ-ն չեր կարողանում համարժեք լինել Սփյուռքի ներուժը ամբողջությամբ օգտագործելու հրամայականին:

բ. Դա նաև լրջագույն ուղերձ էր արտաքին քաղաքականության մեջ, հատկապես հաշվի առնելով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների մարտահրավերները:

Պատահական չէր, որ Ադրբեջանը մեզանից հետո նույնպես փորձում է ինստիտուցիոնալիզացնել իր աշխատանքը այդ ոլորտում: Ակնհայտ է, որ մեր այսօրվա ԱԳՆ-ն չի կարողանալու լիարժեք լուծել առկա խնդիրները:

4. Պետական կառավարման համակարգի օպտիմալացումը չի կարող ինքնանպատակ լինել: Այսօրվա իշխանությունների կողմից աջուձախ իրականացվող, կասկածելի հիմնավորմամբ և արդյունավետությամբ ճոխ ծախսերի ֆոնի վրա հազարավոր մարդկանց հասցվող այս սոցիալական հարվածը որևէ աղերս չունի հայտարարված նպատակների հետ»,-գրել է Արմեն Աշոտյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին