Կարևոր իրադարձություններ

Քրեականները կրկին ժամանել են․ «Հրապարակ»

19 Դեկտեմբեր, 2018 08:22
Քրեականները կրկին ժամանել են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․«Այս օրերին տարբեր երկրներից Հայաստան են ժամանել մեծ թվով քրեական հեղինակություններ, հիմնականում՝ Ռուսաստանից։ Նրանք եկել են մասնակցելու քրեական հեղինակություն Արմեն Կանեւսկոյի՝ Արմեն Հարությունյանի մահվան հերթական տարելիցին, որը երեկ էր՝ դեկտեմբերի 18-ին։ Անցյալ տարի եւս մի քանի տասնյակ քրեական հեղինակություններ էին եկել Հայաստան։ Հեղափոխությունից հետո եւս, փաստորեն, այս ավանդույթը չի խախտվում։ Թեպետ այս տարին կարող էր բացառություն լինել կամ մի քիչ այլ կերպ դասավորվեր, եթե Արմեն Կանեւսկոյի եղբորը՝ Արտյոմին դատարանը 20 մլն դրամ գրավի դիմաց այս տարվա հոկտեմբերի 17-ին ազատ չարձակեր։ Հիշեցնենք, որ նրան կալանավորել էին պաշտոնատար անձին անձնագիր կեղծելուն դրդելու մեղադրանքով։ Երկու օր է՝ քաղաքի էլիտար ժամանցի կենտրոնների եւ թանկարժեք հյուրանոցների դիմաց կարելի է հանդիպել դրսից ժամանած հեղինակություններին սպասարկող մեքենաներին։ Քրեական աշխարհի ներկայացուցիչները երեկ այցելել են Արմեն Կանեւսկոյի՝ Շահումյանի գերեզմանատանը գտնվող շիրիմին, ապա հացի նստել «Սան Լազարո» սգո սրահում, ինչպես անցյալ տարի։ Մեզ ասացին, որ մոտ 900 մարդ է մասնակցել, որոնց մեջ՝ 10 օրենքով գող։ Նրանք հանգրվանել են քաղաքի թանկարժեք հյուրանոցներում, այդ թվում՝ «Իմպերիալ» եւ «Մարիոթ»։ Իրենց «ախպոր» հիշատակը հարգելուց հետո նրանք այսօր-վաղը կհեռանան Հայաստանից»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին