Կարևոր իրադարձություններ

Սրբապղծություն Մակարավանքում․ արդեն երրորդ անգամն է՝ եկեղեցին թալանում են

17 Դեկտեմբեր, 2018 12:50
Սրբապղծություն Մակարավանքում․ արդեն երրորդ անգամն է՝ եկեղեցին թալանում են

«Մակարավանքից արդեն երրորդ անգամ է գողություն կատարվում»,- Shabat.am-ի հետ զրույցում ասաց Մակարավանք վանական համալիրի քահանա Տեր Արշավիրը՝ մեկնաբանելով նախօրեին վանքից կատարված գողության դեպքը։

«Շաբաթ առավոտյան՝ ժամը 10:30-ին, ինձ զանգահարեց Մակարավանքի մոմավաճառ Արմեն Եգանյանը և հայտնեց, որ վանքում հերթական անգամ գողություն է կատարվել: Գողության դեպքն արդեն երրորդն է: Վերջին անգամ տեղի էր ունեցել այս տարվա հունվարի 13-ի երեկոյան: Ես անմիջապես զանգահարեցի, այդ մասին տեղեկացրի թեմի առաջնորդին և ոստիկանությանը հաղորդում տվեցինք: Ոստիկանները եկան և պարզեցին, որ կոտրել են եկեղեցու դռան դիմացի ճաղավանդակի երկու փականները, այնուհետև փայտե դռան փականը և ներխուժելով վանք՝ կոտրել են գանձանակը, կրպակի դուռը՝ վերցնելով հանգանակության գումարները: Բարձրացել են նաև խորան, վերցրել երկու արծաթե մեծ մոմակալները, մեկ ճաճանչ, մեկ քշոց և մեկ կոնք՝ ջրամանով»,- ասաց քահանա Տեր Արշավիրը:

Քահանան նշեց, որ վանքի դռան դիմացի ճաղավանդակները դրել են նախորդ գողությունից հետո, կարծելով, որ այդպիսով կկանխեն հետագա գողությունների դեպքերը, սակայն՝ ապարդյուն:

Տեր Արշավիրի խոսքով՝ ինքը հետաքրքրվել է և պարզել, որ գողացված իրերը բավականին արժեքավոր են եղել: Բացի այն, որ մոմակալները բարձր գին ունեն, մյուսները թանկարժեք չեն, պետք նկատել, որ գողությունը կատարվել է եկեղեցուց, որտեղ ամեն իր անկախ գնից արժեքավոր է: Քահանայի խոսքով եկեղեցուն հասցվել է մոտ 100.000-150.000 հազար դրամի վնաս:

Հարցին, թե ինչու՞ չի ապահովվում վանական համալիրին համապատասխան հսկողություն, հատկապես այն պարագայում, երբ նկատվում են հաճախակի գողության դեպքեր, քահանան պատասխանեց.

«Մակարավանքը գտնվում է Աչաջուր գյուղից 7 կմ հեռավորության վրա, և վերահսկելն այս ընթացքում անհնար է, որովհետև այնտեղ նույնիսկ մնալու հնարավորություն չունենք»:

Ոստիկանության Իջևանի բաժանմունքից Shabat.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նոր մանրամասներ դեռ չեն պարզվել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին