Կարևոր իրադարձություններ

«Ընտրությունները չեն կարող անվերապահ կերպով համարվել արդար». «Սասնա ծռեր»

10 Դեկտեմբեր, 2018 18:47
«Ընտրությունները չեն կարող անվերապահ կերպով համարվել արդար». «Սասնա ծռեր»

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը ՀՀ Ազգային ժողովի 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունները էական առաջընթաց քայլ էին նախկին հանցավոր ռեժիմին հեռացնելուց հետո Հայաստանում ժողովրդավարության հաստատման և ազգային պետականության կայացման ճանապարհին:

Քվեարկությունը, չնայած դրա ընթացքում արձանագրված խախտումներին, ընդհանուր առմամբ եղել է ազատ ու թափանցիկ, ինչի շնորհիվ ժողովուրդն ազատորեն արտահայտել է իր կամքը:

Այդուհանդերձ՝ անհրաժեշտ է նշել, որ ընտրութունների արդյունքների վրա շոշափելի ազդեցություն ունեցան մի շարք գործոններ, որոնք պայմանավորված էին Ընտրական օրենսգիրքը և Կուսակցությունների մասին օրենքը չփոփոխելու հանգամանքով:

Դրա հետևանքով ընտրություններին մասնակցող ուժերի միջև առաջացավ անհավասար մրցակցություն և, օլիգարխիան, օգտվելով ընձեռնված հնարավորությունից, մասնակցեց ընտրություններին և մասամբ նորից սողոսկեց խորհրդարան:

Այդ պատճառով ստիպված ենք փաստել, որ ընտրությունները չեն կարող անվերապահ կերպով համարվել արդար:

Անկախ այս հանգամանքից, կարևորելով ժողովրդի ազատ կամաարտահայտության փաստը, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը ճանաչում է ընտրությունների արդյունքները, շնորհավորում է «Իմ Քայլը» դաշինքին՝ նրա տարած հաղթանակի առթիվ և ապագա կառավարությանը մաղթում է արգասաբեր աշխատանք:

10-ը դեկտեմբերի 2018 թ.                                         

Երևան

 

Լրահոս

Դիտել ավելին