Կարևոր իրադարձություններ

Կա գաղափար` փորձել Հայաստանում հիմնադրել միջազգային արբիտրաժային կանոններով գործող արբիտրաժ. Փաշինյան

06 Դեկտեմբեր, 2018 17:03
Կա գաղափար` փորձել Հայաստանում հիմնադրել միջազգային արբիտրաժային կանոններով գործող արբիտրաժ. Փաշինյան

Գաղտնալսումները հնարավոր են դարձել ռոումինգի պատճառով, քանի որ այդ օրերին ԱԱԾ տնօրենը գտնվել է Շվեյցարիայում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Հանդիպման ընթացքում ներկաների խնդրանքով Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր եւ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հեռախոսազրույցի գաղտնալսման խնդրին: «Գաղտնալսումները հնարավոր են դարձել ռոումինգի պատճառով, քանի որ այդ օրերին ԱԱԾ տնօրենը գտնվել է Շվեյցարիայում: Երեկ հրապարակվեց գաղտնալսումների երկրորդ մասը, բայց Ազգային ժողովում սեպտեմբերի 12-ին ունեցած ելույթում արդեն անդրադարձել եմ դրան, եւ իմ պատմածում ավելի շատ տեղեկատվություն կար, քան հրապարակված հեռախոսազրույցում: Իրականում այս գաղտնալսումն ապացուցեց, որ ես Սանկտ Պետերբուրգում եմ տեղեկացել, թե ինչ է կատարվում այդ դատական պրոցեսներում: Ես համոզված չեմ, որ նույն գաղտնալսողները չեն պահպանել իրենց ազդեցությունը համակարգի վրա, եւ ընտրություններից հետո իրական փոփոխություններ պետք է իրականացնեք,-ընդգծել է նա:

Միաժամանակ, ներկայացված հեռախոսազրույցի մի մասը կտրված է, որտեղ ես դիտողություն եմ անում ԱԱԾ տնօրենին, թե ի՞նչ է նշանակում` դատավորները վախենում են, չե՞ք կարողանում ապահովել նրանց անվտանգությունը: Մոտավորապես տասը տարի առաջ «Հայկական ժամանակ» թերթում հրապարակում է եղել, որ որոշ մարդիկ Հայաստանում գաղտնալսող սարքեր են ձեռք բերել, եւ այդ խնդիրը կա: Մեր երկրի խնդիրներից մեկը եղել է այն, որ որոշ խմբեր, ընտանիքներ գուցե ավելի ազդեցիկ են եղել, քան պետությունը, սրանք դրա մնացորդային երեւույթներն են: Համոզված եղեք` դրանք եւս արմատախիլ կարվեն: Գաղտնալսողները պետք է բացահայտվեն, եւ ես խնդիր եմ դրել Ազգային անվտանգության ծառայության առաջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Տեղի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել նաեւ Նիկոլ Փաշինյանի անվտանգության ապահովման հետ կապված, ինչի առնչությամբ կառավարության ղեկավարի պաշտոնակատարն ասել է, որ Հայաստանի պետական պահպանութան ծառայությունը պատշաճ կատարում է իր աշխատանքը: «Ընդհանրապես ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում ես ինձ շատ անվտանգ եմ զգում: Կարծում եմ` դա միայն անվտանգության խնդիր չէ, գուցե նաեւ մարդկանց վերաբերմունքն է ինձ անվտանգության զգացում ներշնչում»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին