Կարևոր իրադարձություններ

Փորձ է արվում փետրվարի 23-ի խորհրդակցությունը կապել Մարտի 1-ի իրադարձությունների հետ

04 Դեկտեմբեր, 2018 18:47
Փորձ է արվում փետրվարի 23-ի խորհրդակցությունը կապել Մարտի 1-ի իրադարձությունների հետ

Հայստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանն այսօր՝ դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում  անդրադարձավ Մարտի 1-ի գործով կարևոր ապացույց հանդիսացող 0038 գաղտնի հրամանին: Փաստաբանն ասաց, որ  Քոչարյանը այդ հրամանի  տեքստի պարունակությանը տեղյակ չի եղել:

«Նախարարները որպես այդպիսին հրամանները չեն ուղարկում նախագահին, որովհետեւ եթե բոլոր նախարարները բոլոր հրամաններն ուղարկեն նախագահին եւ եթե նույնսիկ միայն ուժային կառույցների ղեկավարները իրենց բոլոր հրամաններն ուղարկեն նախագահին համաձայնեցման համար, ապա նա որեւէ այլ գործունեություն չի կարող ծավալել։ Զինված ուժերի հետ կապված իրարից անկախ երկու էպիզոդներ կան, մեկը վերաբերում է փետրվարի վերջին տեղի ունեցած գործընթացներին, մյուսը՝ վերաբերում է մարտի 1-ին օրվա երկրորդ կեսին արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ այդ թվում նաև ԶՈՒ հասարակական կարգի պահպանման ֆունկցիա տալուն: Դրանք տարբեր գործընթացներ են, իրար հետ չկապվող»,- ասաց փաստաբանը, հավելելով, որ երբ պարզ կլինի հրամանն ու՞մ կողմից է ընդունվել ի՞նչ հանգամանքներում կամ ու՞մ հետ է քննարկվել, նոր կարելի է հրամանի բովանդակության վերաբերյալ հետևեւություններ անել ու դիրքորոշում հայտնել:

Փաստաբանը պնդում է՝   0038 հրամանը որեւէ կապ չունի Մարտի 1-ի իրադարձությունների հետ: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի խոսքով՝ խնդիր կա այն հանգամանքում, որ փորձ է արվում փետրվարի 23-ի խորհրդակցությունը կապել Մարտի 1-ի իրադարձությունների հետ, բայց դրանք միմյանց հետ ընդհանրապես կապ չունեցող գործընթացներ են եղել։ 

Այսօր արդեն  5-րդ օրն է, ինչ  Հայաստանի Հանրապետության  վերաքննիչ քրեական դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքը։ 

Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար։

 

 

Լրահոս

Դիտել ավելին