Կարևոր իրադարձություններ

Հայկը չի կարող պարտվել Բելին, հաղթելու ենք.կաթողիկոսի պետական պաշտպանության նախագիծը չընդունվեց

16 Նոյեմբեր, 2018 13:12
Հայկը չի կարող պարտվել Բելին, հաղթելու ենք.կաթողիկոսի պետական պաշտպանության նախագիծը չընդունվեց

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը Ազգային ժողովը վերաքվեարկությունից հետո ևս չընդունեց: Նախագծի հեղինակներն են Միհրան Հակոբյանը, Գալուստ Սահակյանը և Կարինե Աճեմյանը: Նախագծին երկրորդ անգամ կողմ քվեարկեց 43 պատգամավոր, դեմ՝ 0 և ձեռնպահ՝ 14 հոգի:

Իսկ վերաքվեարկման դրվեց, քանի որ առաջին քվեարկության ժամանակ «Ծառուկյան» խմբակցությունը դեմ էր քվեարկել, հետո հայտարարել, թե թյուրիմացություն է եղել, իրենք չեն կողմնորոշվել, թե որ հարցն է դրվում քվեարկության:

Առաջին քվեարկությունից հետո ԱԺ փոխխոսնակ Շարմազանովն ասաց, որ այս նախագիծը շատ կարևոր էր: «Ես նաև զուգահեռ այլ նախաձեռնություն էի ներկայացրել, և անհասկանալի էր կառավարության բացասական վերաբերմունքը թե´ այս, թե´ իմ նախաձեռնությունների նկատմամբ: Սրա նպատակն այն էր,  որ կրոնական կազմակերպությունները, մասնավորապես, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տարածքը զերծ պահեինք բռնի բողոքներից»,-ասաց նա:

Նախագծով առաջարկվում է Հայ առաքելական եկեղեցու սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում, եթե չկա Հայ առաքելական եկեղեցու համաձայնությունը, հավաքների անցկացումը սահմանափակել:

Իր խոսքում Շարմազանովը ընդգծեց «Մենք պատշաճ ուշադրություն չենք դարձնում Հայ առաքելական եկեղեցուն, և աղանդավորական շարժումներն այս ամիսներին գլուխ են բարձրացրել, որը մտահոգիչ է»:


ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը հորդորեց պատկերը վերականգնել՝ տեսնելու համար, թե որ խմբակցությունը դեմ քվեարկեց: «Ուզում ենք հստակ իմանալ՝ ովքեր են մեր արժեհամակարգին դեմ»,-ասաց նա: Դեմ էին քվեարկել «Ելք» խմբակցության պատգամավորները, բացառությամբ Սասուն Միքայելյանի:

Շարմազանովի խոսքով՝ պետք է Սահմանադրության պահանջով բացառիկության իրավունք տալ պետական պաշտպանության հատուկ իրավունքներ Վեհափառ Հայրապետին:

Միհրան Հակոբյանը նշեց, որ  հաշվի առնելով Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերակատարությունը մեր կյանքում՝ սա այն հարցը չէ, որ պետք է թողնել հայեցողությանը: «Հայեցողությամբ վարչապետը կարող է լուծել «Կյանքի խոսքի» առաջնորդի անվտանգության հարցը կամ չլուծել կամ «Եհովայի վկաների», «Ռեմաների» հարցը, բայց Հայ առաքելական եկեղեցին հայեցողությանը թողնելը, կարծում եմ, ճիշտ չէ»,-ասաց նա:

ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը նշեց, որ այս օրինագիծը լավ կյանքից չէ, որ առաջացել է: «Փաստերը վկայում են այն մասին, որ ոչ միայն Վեհափառը, այլ եկեղեցին կարիք ունի պաշտպանության»,-ասաց նա և հիշեցրեց, այն իրադարձությունները, որ տեղի ունեցան Հայրապետի նկատմամբ և կոչ արեց վեր կանգնել այս ամենի ինչից և կողմ քվեարկել:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ ասաց, որ Հայ առաքելական եկեղեցու դավանանքը հայության համար ապրելակերպ է: «Բարձր ենք գնահատում Վեհափառի անվտանգության հարցը և կարծում ենք, որ օրենքով չէ, որ պետք է ապահովել: «Ծառուկյան» խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի»:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ սա ավելին է, քան քվեարկությունը: «Մենք այս քվեարկությամբ որոշելու ենք՝ ուր ենք գնում, ծառայում ենք Աստծո՞ւն, թե սատանային, ծառայում ենք եկեղեցո՞ւն, թե աղանդավորությանը, խնդրում եմ յուրաքանչյուրիս մի կողմ դնել մեր տարաձայնությունները: Վեհափառ Հայրապետը և եկեղեցին այսօր կարիք ունեն անվտանգության հատուկ միջոցների»,-ընդգծեց Շարմազանովը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը վարման կարգով ասաց. «Վեհափառի անվտանգությունը պետք է պահպանի ժողովուրդը, ես դեմ եմ նման մոտեցմանը, թե դեմ ենք, եթե Վեհափառն այսօր չի կարողանում ժողովրդի մեջ շրջի, դա իր խնդիրն է»,-ասաց նա:

Ամենայն հայոց կաթողիկոսին պետք է պաշտպանենք ամենայն հայոց ժողովրդից, եթե մի  քանի տասնյակ մարդ լինի, կառավարությունը դրա պատասխանը տվել է. «Մնում էր կաթողիկոսին հայ ժողովրդից պաշտպանեինք»:

Հակոբ Հակոբյանը նշեց, որ իրեն վրդովեցրեց այն դիտարկումը, թե Վեհափառին պաշտպանում են ժողովրդից: «Իրենք էլ լավ գիտեն, որ Վեհափառին պաշտպանում ենք  սեռական և կրոնական փոքրամասնություններից, որոնք դրսից ֆինանսավորում են և պայքարում են հայկական պետականության և հայ հավատքի դեմ»:

Դիտարկումը դահլիճում ծափերի արժանացավ:

Նախագծի տապալումից հետո Շարմազանովը հայտարարեց. «Սա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն է, պետք է հստակ պատասխան տան այն ուժերը, որոնք աղանդավորության քարոզ են տանում, գոմիկների քարոզ են տանում: Այսօր 28-ով կպաշտպանենք, վաղը լինելու ենք 2800, 2 մլն 800 000, Հայկը չի կարող պարտվել Բելին, հաղթելու ենք»:

 

Լրահոս

Դիտել ավելին