Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    543
    551

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

Մանե Թանդիլյանը հրաժարվեց նախարարի պաշտոնակատարի պարտականություններից

14 Նոյեմբեր, 2018 16:41
Հեղինակ՝ Մանե Թանդիլյան
Մանե Թանդիլյանը հրաժարվեց նախարարի պաշտոնակատարի պարտականություններից

Հարգելի հայրենակիցներ,

Ստանձնելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը՝ որպես կառավարության անդամ, առաջին անգամ երդվեցի բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ստանձնած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը: 
Աշխատանքիս կես տարվա ընթացքում առաջնորդվել եմ բարձր պատասխանատվությամբ՝ նպատակ ունենալով ինձ վստահված առաքելությամբ նպաստել ոլորտում փոփոխությունների իրականացմանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու բարեկեցությանը, սոցիալական ապահովության մեխանիզմների ձևավորմանը:

Ոլորտում առկա բազմաթիվ խնդիրները մարտահրավեր էին ինձ համար, և թեև նախարարության գործունեության դաշտն ընդգրկուն է ու առնչվում է մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կենսական խնդիրներին, ինձ համար սոցիալական ոլորտի ցանկացած շահառու հանդիսանում է անհատ՝ իր բարեկեցության և երջանկության ակնկալիքով: Հետևաբար, յուրաքանչյուր քայլի, յուրաքանչյուր նախաձեռնության հիմքում եղել է մարդը՝ որպես բարձրագույն արժեք:
Այս ընթացքում ներդնելով առավելագույն ջանքեր՝ ինձ հաջողվեց արձանագրել փոքր հաջողություններ, որոնք թեև հասարակության բարեկեցության համար դեռևս բավարար չեն, սակայն հիմք են հետագա գլոբալ ու ինստիտուցիոնալ հաջողությունների արձանագրման համար:

Հեղափոխությունից հետո ինձ վստահվեց ղեկավարել ամենաբարդ, միևնույն ժամանակ, ամենահետաքրքիր ու բազմաշերտ ոլորտներից մեկը: Կատարված յուրաքանչյուր աշխատանք, երբ ի վերջո ծառայում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ավելի է պարտավորեցնում՝ մոտիվացնելով շատ ավելի գլոբալ ծրագրերի իրականացումը: 
Աշխատանքիս ամենամեծ գնահատականը մարդկային պարզ շնորհակալությունն ու ժպիտն է, որը մարդուն դարձնում է ավելի երջանիկ:

Այսօր ես վայր եմ դնում նախարարի պաշտոնակատարի իմ լիազորությունները՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով: Առաջիկա ընտրությունները բացառիկ կարևորություն ունեն Հայաստանի համար․ դրանց միջոցով վերջնականապես կձևավորվի ժողովրդի իրական ձայնն արտացոլող խորհրդարան:

Շնորհակալություն եմ հայտնում վարչապետին՝ վստահության համար, կառավարության իմ գործընկերներին, ինչպես նաև նախարարության բոլոր աշխատակիցներին համատեղ հետաքրքիր և արդյունավետ աշխատանքի համար: Համոզված եմ, որ նախարարության հետագա աշխատանքը կշարունակվի՝ հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացու բարեկեցության և երջանկության:

Ժողովրդի վստահության քվեն ստանալու պարագայում, պատրաստ եմ շարունակել իմ քաղաքական գործունեությունը որպես Ազգային Ժողովի պատգամավոր։ Սոցիալական ոլորտի բարեփոխումները, մեր քաղաքացու հոգսերը մշտապես լինելու են իմ գործունեության կարևոր առաջնահերթություններից մեկը։

«Լուսավոր Հայաստանի» ծրագրերոմ արտացոլված են նաև իմ պատկերացումները տնտեսական ու սոցիալական ինստիտուցիոնալ բարեփոխումների, այն Հայաստանի տեսլականի վերաբերյալ, որի առանցքը մարդն է՝ շարունակելով իմ ծառայությունը ի նպաստ Հայաստանի Հանրապետության և ի փառս հայ ժողովրդի։

Հարգանքով՝
Մանե Թանդիլյան

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին