Կարևոր իրադարձություններ

Թովմաս Պողոսյանը դիմել է մշակույթի նախարարություն

09 Նոյեմբեր, 2018 10:53
Թովմաս Պողոսյանը դիմել է մշակույթի նախարարություն

Կարճ ժամանակահատվածում՝ փաստացի 2 աշխատանքային օրվա ընթացքում, տեխնիկապես հնարավոր չի եղել ապահովել համերգի ֆինանսական աջակցությունը, քանի որ հատկացումներ կատարելու համար կա օրենքով նախատեսված ընթացակարգ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկություններին, թե ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը դիմել է մշակույթի նախարարություն՝ խնդրելով, որ բարեգործական համերգներով Արցախ մեկնելու համար իրեն ավտոբուսի գումար տրամադրեն, իսկ վերջինիս մերժել են՝ պատճառաբանելով. «Հարգելի՛ս, Դուք ուշ եք դիմել»։

Դեպքի առթիվ նախարար Մակունցը, մասնավորապես, գրել է.

«Պաշտոնապես հայտնում եմ, որ պարոն Թովմաս Պողոսյանը բարեգործական համերգի ֆինանսական աջակցության դիմումը նախարարություն ներկայացրել է սեպտեմբերի 13-ին՝ առավոտյան 10:03-ին: Նույն օրը՝ 10:23-ին, դիմումը մակագրվել է համապատասխան վարչություն և գործին տրվել է ընթացք: Նշեմ, որ սեպտեմբերի 13-ը հինգշաբթի էր, իսկ համերգը նախատեսված է եղել անցկացնել երկուշաբթի՝ սեպտեմբերի 17-ին, Արցախի Հանրապետությունում: Չնայած այն հանգամանքին, որ կայացվել է դրական որոշում ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին, այդ կարճ ժամանակահատվածում՝ փաստացի 2 աշխատանքային օրվա ընթացքում, տեխնիկապես հնարավոր չի եղել ապահովել ֆինանսական աջակցությունը, քանի որ հատկացումներ կատարելու համար կա օրենքով նախատեսված ընթացակարգ:

Միջոցառումն անցկացնելուց հետո հնարավոր չէր կատարել փոխանցումը, քանի որ այն այդ պարագայում համարվում է փոխհատուցում, այլ ոչ աջակցություն, ինչը նախարարության համար գրանցվում է որպես ֆինանսական խախտում՝ իր հետևանքներով:

Պարոն Պողոսյանն այդ մասին տեղեկացվել է գրավոր:

Առիթն օգտագործելով՝ խնդրում եմ, որ աջակցություն ցուցաբերելու դիմումները նախարարություն ներկայացվեն նախատեսվող միջոցառումից առնվազն 2 շաբաթ շուտ:

Հերքում եմ նաև այն պնդումը, որ «արգելված է» նախարարություն մուտք գործելը կամ նախարարի հետ հանդիպելը: Նման բան գոյություն չունի և չի էլ կարող ունենալ:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Թովմաս Պողոսյանն ասել էր. «Ես նախարարին դիմել եմ պաշտոնական նամակով, որովհետև նրանց մոտ մտնելը նույնիսկ արգելված է: Իրենք այսօր էլ ժամանակ չունեն, ինչպես նախորդ նախարարները: Նրանց մոտ մտնելը երբևէ բացառած հանգամանք է»։

 

Լրահոս

Դիտել ավելին