Կարևոր իրադարձություններ

Շենգավիթի տարածքային սոցիալական ապահովության ծառայության բաժնի պետը բռնվել է կաշառք ստանալու պահին

08 Նոյեմբեր, 2018 21:55
Շենգավիթի տարածքային սոցիալական ապահովության ծառայության բաժնի պետը բռնվել է կաշառք ստանալու պահին

Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժնում քաղաքացուց կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու վերաբերյալ։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2018թ. նոյեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում քաղաքացին հաղորդում է տվել առ այն, որ հոկտեմբերի 8-ին այցելել է Շենգավիթի տարածքային սոցիալական ապահովության ծառայության բաժին՝ կենսաթոշակը ձևակերպելու համար:

Նույն բաժնի պետը և գլխավոր մասնագետն ուսումնասիրել են քաղաքացու փաստաթղթերը և հայտնել, թե, իբր, կենսաթոշակը ձևակերպելու համար աշխատանքային ստաժը չի բավարարում և այս հանգամանքն անտեսելու, այլ լուծումներ գտնելու և կենսաթոշակը ձևակերպելու համար քաղաքացուց պահանջել 100 000 ՀՀ դրամ կաշառք:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Շենգավիթի տարածքային սոցիալական ապահովության ծառայության բաժնի պետը նույն բաժնի գլխավոր մասնագետի օժանդակությամբ քաղաքացուց կաշառք ստանալու պահին բռնվել է:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և 38-311-րդ հոդվածի 1-ին մասով, որն ընդունվել է Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ բաժնի վարույթ:

ՍԱԾ գլխավոր մասնագետը հարցաքննվել է որպես կասկածյալ, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ծառայության բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու համար, ինչը բավարարվել է և որպես այլընտրանքային խափանման միջոց՝ ընտրվել գրավը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին