Կարևոր իրադարձություններ

Խստորեն կպատժվեն այն դպրոցների տնօրենները, որոնք քարոզչություն կիրականացնեն. ԿԳ նախարար

07 Նոյեմբեր, 2018 18:36
 Խստորեն կպատժվեն այն դպրոցների տնօրենները, որոնք քարոզչություն կիրականացնեն. ԿԳ նախարար

Առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դպրոցներին հեռու պահել քաղաքական գործընթացներից եւ այդ նպատակով ձեռնարկել կանխարգելիչ քայլեր: Այս մասին հայտարարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը մայրաքաղաքի եւ մարզերի կրթության վարչության պետերի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ:

«Եթե նման ահազանգեր և փաստեր լինեն, անկախ նրանից` քաղաքական որ ուժի օգտին է արվել քարոզչությունը կամ ում համար են օգտագործվել վարչական լծակները, մեղավորները պատժվելու են»,- հայտարարել է Արայիկ Հարությունյանը:

Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ խստորեն կպատժվեն այն տնօրեններն ու մանկավարժները, ովքեր կփորձեն դպրոցներում քարոզչություն իրականացնել որեւէ քաղաքական ուժի օգտին:

Խոսելով մարզերում առկա կրթության խնդիրներից` Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախարարությունը աշխատելու է նոր ոճով:

«Հունվարից սկսած ամեն ամիս ընտրելու ենք մի մարզ, լինելու են այցելություններ տվյալ մարզի ուսումնական հաստատություններ, քննարկումներ են լինելու, փորձելու ենք տեղերում գտնել լուծումներ: Դա չի նշանակում, թե մյուս մարզերի խնդիրներն այդ ամսվա ընթացքում անտեսվելու են. նախարարությունը իր հիմնական գործառույթները կշարունակի իրականացնել: Մենք կարծում ենք, որ այս մեթոդը թույլ կտա տեղերում կուտակված խնդիրները վեր հանել և արդյունավետ լուծումներ գտնել»,- նշել է Արայիկ Հարությունյանը: Նախարարի պաշտոնակատարը հատուկ անդրադարձել է նախարարության նախաձեռնությամբ իրականցվող մշակութային կրթության ծրագրերին: Դրանք են մշակութային 3 հաստատություն` թատրոն, համերգասրահ եւ թանգարան այցելելու աբոնեմենտային համակարգը` նախատեսված ՀՀ բոլոր դպրոցների 1-12-րդ աշակերտների համար, «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը, որի շրջանակում շուրջ 50 արվեստագետներ կայցելեն դպրոցներ` աշակերտներին ներկայացնելու իրենց արվեստը եւ նախօրեին մեկնարկած Սիմֆոնիկ նվագախմբի համերգներին այցելելու ծրագիրը:

Բոլոր ծրագրերի և հատկապես աբոնեմոնտային համակարգի իրագործման համար շատ կարեւոր է դպրոցների կազմակերպվածությունը: Հաշվի առնելով, որ աշակերտները նախընտրում են մշակութային հաստատություն այցելել դասարանով` ելնելով նաեւ դպրոցական ծրագրի ընթացիկ նյութերից, պետք է նախապես հերթագրվել եւ ամրագրել աբոնոմենտային այցելությունը` կուտակումներից խուսափելու համար:

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նաև հանրակրթության ոլորտի բովանդակային բարոփոխումների ընթացքը: Փոփոխություն է նախատեսվում տնօրենների ընտրության, ուսուցչի մրցույթի, կառավարման խորհուրդների ձեւավորման եւ առաջին դասարան ընդունելության կարգերում: Որպես նորույթ ներուծվում է առաջին դասարանցիների գրանցման եւ ընդունելության էլելտրոնային համակարգ` ելնելով լիցենզիայով նախատեսված տեղերի քանակից. «Այս բոլոր նախագծերը դեռ քննարկման փուլում են եւ կարեւոր է նաեւ, որ Դուք ևս առաջարկներ ներկայացնեք»,-  խորհրդակցության մասնակիցներին դիմել է նախարարի պաշտոնակատարը:

Հանդիպման ընթացքում ԿԳ նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է հանրակրթական դպրոցների հավաստագրման վերջին քննություններին, որոնց շուրջ հնարային աղմուկ է բարձրացել. « Փորձը ցույց է տալիս, որ շատերը, խոսելով փոփոխությունների անհրաժշտության մասին, չեն ուզում ընդունել փոփոխություները, երբ դա վերաբերում է անձամբ իրենց կամ իրենց մերձավորին: Հավաստագրման քննությունների առնչությամբ ես որեւէ մտահոգություն չունեմ, որովհետեւ բոլոր դժգոհողներին ասվել է` ներկայացնել փաստեր: Մենք արձանագրել ենք որոշ խնդիրներ` կապված վերապատրոստող կազմակերպությունների աշխատանքի արդյունավետության հետ: Բայց ես կարծում եմ, հավաստագրման քննությունների հանձնաժողովն աշխատել է արդյունավետ»,- նշել է Արայիկ Հարությունյանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին