Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ն եթե ունենա ուժեղ ռեյտինգային թեկնածուներ, ապա կարող է նոր խորհրդարանում լուրջ ներկայացվածություն ունենալ

07 Նոյեմբեր, 2018 13:45
 ՀՀԿ-ն եթե ունենա ուժեղ ռեյտինգային թեկնածուներ, ապա կարող է նոր խորհրդարանում լուրջ ներկայացվածություն ունենալ

Եթե ՀՀԿ-ն ունենա ուժեղ ռեյտինգային թեկնածուներ, ապա կարող է նոր խորհրդարանում լուրջ ներկայացվածություն ունենալ,- Shabat.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։

Ըստ նրա, Հանրապետական կուսակցությունը մի շարք զիջումների գնաց, բայց գործող ԸՕ-ն ատամներով պահեց, որովհետև դա նոր ԱԺ-ում իրենց ներգրավվածություն ունենալու շանսն է:

Քաղաքագետի խոսքով՝ ռեյտինգային ընտրակարգը թույլ կտա ՀՀԿ-ի որոշ հուսալի թեկնածուների «թաղային խուժանի» կամ կրիմինալ կապերով կուսակցությանը ձայներ բերել:

Հարցին՝ թե, արդյո՞ք կհաջողվեն նման գործողությունները այս ընտրություններում, քանի որ վերջին ամիսներին հասարակության մոտ կարծեք, թե մտածելակերպ է փոխվել, Արմեն Վարդանյանը պատասխանեց.

«Ակնհայտ է, որ նախորդ տարվա ցուցանիշները չեն ունենա: Նախորդ տարի նրանցից մի քանիսը նույնիսկ մի ամբողջ կուսակցությունից շատ էին ձայն հավաքել, օրինակ՝ Սամվել Ալեքսանյանը, Կարեն Կարապետյանը և այլք, թեև նրանք դեռ չեն հայտնել այս ընտրություներում իրենց մասնակցության մասին: Ընտրակաշառք բաժանելու հնարավորություն միանշանակ չեն ունենա, բայց իրենց կրիմինալ կապերը մոտիվացնելով, այլ ձևերով կարող են ձայներ բերել:»

Քաղաքագետը նշում է, որ կան մարդիկ, որոնց համար չկա գաղափարական ընտրություն, այլ սեփական շահեր և վերոնշյալ մեթոդը այդպիսի մարկանցով կարող է գործել:

Անդրադառնալով ՀՀԿ-ի համար հուսալի ռեյտինգային թեկնածուներին, Արմեն Վարդանյանը նշեց նաև Տարոն Մարգարյանին, ով ևս դեռ չի հայտարարել ընտրություններում իր մասնակցության մասին: Քաղաքագետը նշում է, քանի որ Տարոն Մարգարյանը երկար տարիներ եղել է Ավան վարչական շրջանի ղեկավար և Երևանի քաղաքապետ լինելու ժամանակ մյուս շրջանների համեմատ առանձնահատուկ է հետևել Ավանի զարգացմանը՝ ուղղելով ահռելի միջոցներ: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ նա դրանով մեծ կապիտալ է ձեռք բերել և, եթե նա առաջադրվի Ավան, Նոր Նորք վարչական շրջաններում, կկարողանա ՀՀԿ-ին մեծ թվով ձայներ ապահովել,- վստահեցնում է Արմեն Վարդանյանը:

Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանի մամուլի խոսնակ Արթուր Գևորգյանը օրեր առաջ հայտարարել էր, որ Տարոն Մարգարյանի մասնակցության մասին քննարկումներ չեն եղել և դեռ չկան:

Քաղաքագետը ռեյտինգային ընտրակարգը համարում է «չարաբաստիկ» , քանի որ ընտրողը, ընտրություն կատարելիս անտեսելով կուսակցության ծրագրերն ու գաղափարախոսությունը , առաջնահերթ ընտրում է որևէ անձի:

«Անցյալ տարի ընտրողների մեծամասնությունն ասում էր՝ ընտրելու եմ «x»-ին, անձնավորելով ընտրությունները, իսկ ընտրություններից հետո պարզվեց, որ հանրապետականների հաշվարկներն այդ առումով ճիշտ էին: Եթե չլինի ռեյտինգային ընտրակարգը, ընտրողը կընտրի կուսակցությանը և ծանոթ, բարեկամ ու նմամ միջոցներն արդեն չեն գործի »,- զրույցը եզրափակեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին