Կարևոր իրադարձություններ

Աննա Հակոբյանն այցելել է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ընտանիքին

06 Նոյեմբեր, 2018 21:46
Աննա Հակոբյանն այցելել է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ընտանիքին

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը այցելեց Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ընտանիքին՝ Տավուշի մարզի Բերդավան գյուղ։

Ինչպես տեղեկացրեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Արփինե Զարգարյանը, այցի նպատակն էր տեսակցելու Կարեն Ղազարյանի ծնողներին, տեղեկանալու Կարենի հոր՝ Արմեն Ղազարյանի առողջական վիճակից, ինչպես նաև պատասխանելու ծնողներին հուզող հարցերին իրենց որդու ներկա կարգավիճակի հետ կապված։

Այցի ընթացքում Կարենի մայրը՝ տիկին Աստղիկն ասաց, որ նամակ ուղարկելուց զատ որդուն ուզում է տաք հագուստ ուղարկել։ Տիկին Հակոբյանն ասաց, որ այս հարցով Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այն միջազգային մարմինն է, որը կարող է և պետք է հնարավոր լուծումներ առաջարկի։«Կարենը ունի առողջական խնդիր և նրան այնտեղ երկար պահելը ամեն օր վտանգում է նրա առողջությանը և նրա կյանքին առհասարակ։ Մենք նաև չունենք վստահելի որևէ տեղեկություն, թե ինչպես են նրա հետ վարվում այնտեղ»,- հայտնեց տիկին Հակոբյանը։

Տիկին Հակոբյանի հարցին, թե ԿԽՄԿ-ն ինչ հաճախականությամբ է այցելել Կարենին, տիկին Աստղիկը պատասխանեց, որ ԿԽՄԿ-ի կատարած վերջին այցը եղել է 6 շաբաթ դադարից հետո։

Տիկին Հակոբյանը ծնողներին փոխանցեց, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը օրերս Կարեն Ղազարյանի հարցով դիմել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցով գլխավոր հանձնակատարին եւ Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին: Տիկին Հակոբյանը հույս հայտնեց, որ միջազգային այս մարմինները, մասնավորապես ԿԽՄԿ-ն, իրենց արձագանքին եւ կոնկրետ քայլերին երկար սպասեցնել չեն տա։ «Փաստաբանից ճշտեցինք, որ ներկա պահին Կարեն Ղազարյանի գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատավարության այն փուլում է, որ սպասում են Ադրբեջանական կողմի տարբեր պարզաբանումներին։ Փաստաբանները վստահեցնում են, որ մեր դիրքերը շատ ամուր են, առնվազն այն մասով, որ Կարեն Ղազարյանը դիվերսանտ կամ տերորիստ չէ։ Կարենը ունի առողջական լուրջ խնդիրներ և այդ բոլորի ապացույցները ներկայացված են ՄԻԵԴ։ Իմ կարծիքով, եթե այս բոլոր օղակները աշխատեն և անեն այն, ինչ իրենք պարտավոր են անել իրենց բնույթից ելնելով, ապա հնարավոր չէ ինչ-որ պահի հանգուցալուծման չգանք այս գործում»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին