Կարևոր իրադարձություններ

«Կարծում եմ՝ կոռուպցիան մեդիադաշտում շարունակվում է». Ավինյան

02 Նոյեմբեր, 2018 14:26
«Կարծում եմ՝ կոռուպցիան մեդիադաշտում շարունակվում է». Ավինյան

 Լրատվական դաշտում նախորդ Կառավարությունից ժառանգված որոշակի մշակույթ է գործել. «Այն բարքերը, որոնք եղել են քաղաքական կյանքում, նաեւ մեդիադաշտում են եղել, կարծում եմ՝ կոռուպցիան մեդիադաշտում շարունակվում է»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2–ին, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, որն ընկերության հիմնադիրն է։

«Իրիգեյթ» ընկերության հաղթած դրամաշնորհի վերաբերյալ ամբողջական գործընթացը մեր գրասենյակը ներկայացրել է, այն մարդիկ, ում իրապես հետաքրքիր է ճշմարտությունը, կարող են այդ գործընթացին ծանոթանալ եւ տեսնել, որ այնտեղ որեւէ շահերի բախում չկա,- ասաց Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով իր հիմնադրած ընկերության 35 հազար դոլար դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից։

«Այնուամենայնիվ, ես կուզենայի անդրադառնալ վերջին շրջանում լրատվական դաշտում մեդիառումբերի առկայությանը։ Դրանք երեք տեսակի են լինում՝ բացահայտ սուտ, ինֆորմացիայի խեղաթյուրում եւ ինֆորմացիայի ընտրողական մատուցում, որ որոշակի տպավորություններ ստեղծեն։ Պետք է հաշվի առնել նաեւ, որ նախընտրական շրջան է։ Ես ողջունում եմ, որ ստուգումներ պետք է իրականացվեն, որովհետեւ նմանատիպ գործընթացների թափանցիկությունը շատ կարեւոր է։ Նմանատիպ պրոցեսները պետական պաշտոնյաներին առհասարակ շատ զգոն կպահեն, սա նեգատիվ պրոցես չէ, ընդհանուր խնդիր կլուծվի։ Պաշտոնյաները շատ զգույշ եւ զգոն կլինեն»,– ասաց նա։

Հարցին, թե իր կարծիքով հոդվածը պատվիրվա՞ծ է եղել, Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Տարատեսակ նյութեր են հրապարակվել իմ մասին եւ ունեմ հիմնավոր կասկածներ, որ այդ նյութերի մի մասը կարող է լինել պատվիրված։ Հնարավոր է՝ նման թեմաները զարգացնողները լինեն համակարգից»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին