Կարևոր իրադարձություններ

Այս քաղաքում եթե կա որևէ մեկը, որ պետք է ագրեսիվ հակաքարոզչությունից բողոքի, դա ես եմ. Դիանա Գասպարյան

21 Հոկտեմբեր, 2018 14:52
Այս քաղաքում եթե կա որևէ մեկը, որ պետք է ագրեսիվ հակաքարոզչությունից բողոքի, դա ես եմ. Դիանա Գասպարյան

«Ես շատ ցավում եմ, որ Կարեն Ստեփանյանը, լինելով իրավաբան, նման բան է ասում, որովհետև ես նրան ընդամենը ասել եմ, որ այդ քվեաթերթիկի դեպքով զբաղվելու են իրավապահ մարմինները, դա նորմալ է, դա սպառնալիք չէ»,- այս մասին հայտարարել է Էջմիածնի քաղաքապետի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» անդամ Դիանա Գասպարյանը և նշել, որ պատրաստ է դեմ առ դեմ կանգնել նրա հետ և նույնը կրկնել:

Հիշեցնենք, որ Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանը ֆեսյբուքյան իր էջում գրել էր, որ Կարեն Ստեփանյանը դիմել է «ստոր և դատապարտելի մեթոդի՝ փորձելով ապակողմնորոշել ընտրողներին և այդպիսով ազդել առաջիկա ընտրությունների արդյունքների վրա»։ Ըստ նրա՝ թեկնածու Կարեն Ստեփանյանի նախընտրական շտաբի կողմից քարոզարշավի ընթացքում տարածվել են քվեաթերթիկի ձևական օրինակներ, որտեղ շատ թեկնածուների համարները սխալ են նշված:

Այս ամենին ի պատասխան՝ Կարեն Ստեփանյանն այսօր հայտարարել է, որ Դիանա Գասպարյանի կողմից թյուրըմբռնում է եղել.

«Ընդամենը եղել է որոշակի անվանացանկ, քվեաթերթիկի ձևական օրինակ չի եղել, թյուրըմբռնման արդյունք է եղել վերջինիս կողմից։ Դա նորմալ էր, օրենքով չարգելված։ Դա որոշակի շեղում էր, որպեսզի քարոզարշավային ստանդարտ վիճակից դուրս գանք։ Մնացած թեկնածուներն այնքան ճիշտ ընդունեցին դա, որ նույնիսկ հումոր էին անում դրա վերաբերյալ»։

Ինչ վերաբերում է այն գնահատականին, թե սև քարոզչություն է եղել, նա հայտնել է, որ սոցցանցերում հակառակորդ թեկնածուների, կեղծ օգտատերերի կողմից բավականին անպարկեշտ և վիրավորական արտահայտություններ են եղել իր հասցեին:

«Այսինքն՝ այս քաղաքում եթե կա որևէ մեկը, որ պետք է ագրեսիվ հակաքարոզչությունից բողոքի, դա ես եմ, բայց ես փորձում եմ դրան ուշադրություն չդարձնել: Ես շատ տղամարդկանցից շատ ավելի տղամարդ եմ եղել այս ընտրությունների ժամանակ, երբեք չեմ իջել բամբասանքների մակարդակի, ես կարծում եմ, որ ընտրողը դա տեսել է: Ես որևէ մեկին անձնական վիրավորանք չեմ հասցրել, ընդ որում՝ նաև Կարեն Ստեփանյանին. նա պնդում է, որ ես իրեն ստոր եմ անվանել, այնինչ ես արարքն եմ ստոր անվանել, դրանք տարբեր բաներ են»,- հայտարարել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին