Կարևոր իրադարձություններ

«Հայաստանն անարխիայի մեջ է». Washington Times-ի անդրադարձը

11 Հոկտեմբեր, 2018 16:41
«Հայաստանն անարխիայի մեջ է». Washington Times-ի անդրադարձը


«Հայաստանն անարխիայի մեջ է, այլ կերպ ասած՝ կառավարական իշխանության բացակայության հետևանքով առաջացած անօրինության կամ քաղաքական խառնաշփոթի միջավայրում: Հայաստանի ինստիտուցիոնալ մասնատման հետևանքները չարագուշակ են Եվրոպայի և Կովկասի համար»: Նմանատիպ վերտառությամբ հոդված է հրապարակել ամերիկյան Washington Times պարբերականը:

Հոդվածի հեղինակը՝ Բահրեյնում ԱՄՆ նախկին դեսպան, Պետքարտուղարության նախկին փոխխոսնակ Ադամ Էրելին գրում է՝ որպես Ուկրաինայում տեղի ունեցած «Նարնջագույն հեղափոխության», ինչպես նաև 10 տարի առաջ Վրաստանում Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության գալու ականատես, ներկայումս Հայաստանում ծավալվող իրադարձություններից զգաստանում է:

Էրելին հիշեցնում է՝ ինչպես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկել՝ անցած գարնանը մայրաքաղաք Երևանի Հանրապետության հրապարակում մոբիլիզացնելով 250.000 աջակցի ու սպառնալով համազգային գործադուլ անցկացնել, եթե խորհրդարանն իրեն վարչապետ չընտրի:

«Պաշտոնը ստանձնելուց հետո ինքնահռչակ «ժողովրդի թեկնածուն» սկսել է կանոնավոր կերպով կազմաքանդել Հայաստանի կառավարական ինստիտուտները»,-գրում է հեղինակը՝ այս համատեքստում հիշեցնելով, որ իր կառավարման 100 օրվա կապակցությամբ Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ այսուհետ «Հայաստանում չկա կոալիցիոն կառավարություն, խորհրդարանական մեծամասնություն և որ իշխանությունն ուղղակիորեն պատկանում է ժողովրդին»:

«Հայաստանի փողոցները Փաշինյանի համար դարձել են հաշվետու լինելու և իրավունքի հաստատման նախընտրած գործիք: Նրա թիրախում են հայտնվել պետական մարմինները, արդարադատության համակարգն ու խորհրդարանը»,- շարունակում է հոդվածագիրը՝ հիշեցնելով, որ նախկինում ՀՀ վարչապետը կեղծված էր հայտարարել նախորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ինչպես նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ է անցկացրել:

Նա նշում է, թե Փաշինյանը «կոռումպացրել է անվտանգության ծառայություններն ու դատարանները, որպեսզի դրանք մաֆիայի ոճով քաղաքական վենդետաներ իրականացնեն»՝ հիշեցնելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն ու նրա օրոք ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Միքայել Հարությունյանի նկատմամբ կալանավորման որոշման կայացումը:

Էրելին գրում է, որ Փաշինյանը սկսեց իր նախկին քաղաքական հակառակորդների հարցով զբաղվել վարչապետի պաշտոնը ստանձնելուց դեռ երեք ամիս չանցած, ինչը դատապարտելի է, քանի որ իշխանական դիրքի չարաշահում է:

Իր անդրադարձում հեղինակը նաև հիշատակում է Ազգային անվտանգության ծառայության ու Հատուկ քննչական ծառայության ղեկավարների գաղտնալսված ու այնուհետև համացանցում մեծ աղմուկ բարձրացրած հեռախոսազանգը:

Վերջում Էրելին նշում է, որ քաղաքական գործընթացների թափանցիկությունը, հաշվետու լինելու պրակտիկան ու օրենքի գերակայությունը վտանգված են Արևելյան Եվրոպայի ու նախկին ԽՍՀՄ պետություններից գրեթե յուրաքանչյուրում:

«Նիկոլ Փաշինյանն այժմ կարող է հպարտորեն իր տեղը զբաղեցնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի, Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ միևնույն շարքում՝ որպես մի առաջնորդ, որն իր հայեցողությամբ է փոփոխում պետական ինստիտուտները: Իշխանությունը փողոցի ձեռքը հանձնելն ու զուգահեռաբար պետական ինստիտուտները թուլացնելն անարխիայի բաղադրատոմսն է»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին