Կարևոր իրադարձություններ

Լինելու է անհատական մոտեցում բոլոր կադրերին . Մարությանը՝ թաղապետերի և փոխքաղաքապետերի մասին

10 Հոկտեմբեր, 2018 13:49
Լինելու է անհատական մոտեցում բոլոր կադրերին . Մարությանը՝ թաղապետերի և փոխքաղաքապետերի մասին

Այսօր Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստից հետո  քաղաքապետ Հայկ Մարությանը ասել է, որ բոլոր այն պրոֆեսիոնալները, որոնք պատրաստ են աշխատել նոր Հայաստանի կանոններով, պատրաստ են ծառայել Երևանի բնակիչներին, կարող են իրենց ծառայությունը մատուցել։
«Բնականաբար, լինելու է անհատական մոտեցում բոլոր կադրերին և ես որոշում եմ կայացնելու է այն փաստերի վրա, թե արդյոք այդ մարդիկ կկարողանա՞ն աշխատել նոր Հայաստանի կանոններով, թե՞ ոչ»,- նշել է նա , հավելելով, որ խոսքը և՛ փոխքաղաքապետերի, և՛ թաղապետերի, և՛ վարչության պետերի մասին է։ 

Իսկ այն հարցին, թե առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանի հետ պատկերացնում է նա համագործակցությունը,  Մարությանը պատասխանել է․ «Նորից եմ ասում, բոլոր այն մարդկանց հետ, ովքեր պատրաստ են իրականում ծառայել, եթե նրանք ոչ մի օրենքի հետ չունեն խնդիրներ, ես պատրաստ եմ աշխատել՝ բոլորի հետ»։ 

Հայկ Մարությանի խոսքով՝ քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին քայլը լինելու է աղբահանության հարցի լուծումը․ «Մենք պետք է բանակցենք «Սանիթեք» ընկերության հետ, պահանջենք իրենցից, որպեսզի ծառայությունները մատուցեն պատշաճ որակով։ Եթե իրենք օբյեկտիվ պատճառներով չկարողանան դա անել, մենք երկրորդ օպերատորի մասին կմտածենք»,- հայտարերել է նա։ 
Հայկ Մարությանը նաև հայտնեց, որ իրենք օգտագործելու են Տրանսպորտային ցանցը բարեփոխելու նախորդ քաղաքային իշխանության ծրագիրը․ «Նախ ուսումնասիրենք, հասկանանք՝ ինչքանով է այն համապատասխանում Երևանի պայմաններին, բնակիչների պահանջներին և չկա՞ն արդյոք այդտեղ կոռուպցիոն ռիսկեր։ Եթե այս ամենին համապատասխանում է, իհարկե, մեր փոքրիկ շտկումները կմտցնենք և կիրականացնենք»։ 

Քաղաքապետը վստահեցրել է, որ մինչև իր պաշտոնավարման ավարտը Երևանի տրանսպորտային խնդիրը լուծված է լինելու։

 

 

Լրահոս

Դիտել ավելին