Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ն մեծ ցանկություն ունի «Ելք» դաշինքին մղելու անկյուն

10 Հոկտեմբեր, 2018 13:10
ՀՀԿ-ն մեծ ցանկություն ունի «Ելք» դաշինքին մղելու անկյուն

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը  հայտարարել է, որ հուշագրից հետո քաղաքական դաշտն իրական տեսք ստացավ:

Այն հարցին, թե ինչպես է վերաբերվում վարչապետի՝ ԲՀԿ-ին հոկտեմբերի 2-ին  հակահեղափոխական որակելուն, Սերգեյ Բագրատյանը պատասխանել է, որ այդ ժամանակ պայմանական բաժանումների շրջան էր, որն իրականության հետ կապ չուներ:

«Չկան սևեր, սպիտակներ, կա հանրության մի հատված, որը նախընտրում է, որ առաջիկա ընտրությունները և ընդհանրապես  քաղաքական դաշտի զարգացումները գնան համախոհության և ներդաշնակության սկզբունքով: Բնականաբար, այն քաղաքական ուժը, որ կխանգարի այդ ընթացքին, կհամարվի հակառակորդ կամ մրցակից, ինչպես կուզեք անվանեք, բայց հասարակության մի մասը մյուսին  հակադրելը մեր ձեռագիրը չէ»,-ասաց նա: 

Բագրատյանի պնդմամբ՝ որոշ քաղաքական ուժեր ժամանակից շուտ հրճվում էին, որ կարողացան սեպ խրել իշխող քաղաքական ուժի և մնացած բոլոր ուժերի միջև:

Հարցին, թե ինչով էր ՀՀԿ-ն ուզում սեպ խրել իրենց և ՔՊ-ի միջև, Բագրատյանը նշեց, որ չի կարծում, որ դա միայն օրինագծին է վերաբերում:

«Քաղաքական գործընթացներում կան որոշակի շահեր և, բնականաբար, քաղաքական դաշտում իրենց արտացոլումն են ունենում: Իմ ընդհանուր դիտարկումը հետևյալն էր, որ ՀՀԿ-ն մեծ ցանկություն ունի «Ելք» դաշինքին մղելու անկյուն, և, բնականաբար, եթե որոշակի գործընթացներ կային, որ կարող էր դիտարկվել նման երևույթ, արագ փարատվեց հուշագրի ստորագրումով, և հասկացան, որ ԲՀԿ-ին հնարավոր չէ այդ դաշտում տեսնել:

«Իհարկե, քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում, լինում են հարցեր, որ քաղաքական ուժերը տարբեր կարծիքներ են ունենում, և դա նորմալ ընթացք է, բայց գլխավոր հարցում սպասարկել հանրության շահերը պետք է լինի քաղաքական ուժի կարևոր մեսիջը, հակառակ դեպքում այդ քաղաքական ուժի գոյությունը դառնում է ինքնանպատակ»,-եզրափակեց նա:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին