Կարևոր իրադարձություններ

Հանրապետականը հասկացավ՝ անիմաստ է դիմադրություն ցույց տալը

08 Հոկտեմբեր, 2018 17:10
Հանրապետականը հասկացավ՝ անիմաստ է դիմադրություն ցույց տալը

«Ժողովրդի պահանջով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարողանում է իրականցնել հասարակության այն պահանջը, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները տեղի ունենան դեկտեմբեր ամսին»։ Shabat.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց, ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը, անդրադառնալով վերջին մի քանի ժամվա ընթացքում ՀՀԿ-ական պատգամավորների հայտարարություններին։

«Հասկանալի է, որ ստեղծված իրավիճակում այլ քայլ Հանրապետականին չէր մնում, քան ՝ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որովհետև  ոչ մի օրենքով նրանք չեն կարող կասեցնել պատմության զարգացման ընթացքը, իսկ այս պահի դրությամբ Հայաստանում պատմության զարգացումը ունի այնպիսի ընթացք, որ մինչև դեկտեմբեր պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ փափուկով կամ չորով»,- ասաց քաղտեխնոլոգը։

Արմեն Բադալյանի խոսքով՝ միգուցե Հանրապետականներից ոմանք ովքեր հոկտեմբերի 2-ին ինչ-որ օրենքի նախագիծ են ներկայացրել, և կողմ քվեարկել, հույս են ունեցել,  որ միգուցե դրանով քաղաքական առևտրի մեջ մտնեն վարչապետի թիմակիցների հետ , սակայն տեսել են, որ դա չհաջողվեց, և նրանց իրազեկվել է, որ գնում են խորհրդարանական ընտրությունների ․ «Միգուցե ելնելով դրանից նրանք հասկանում են, որ  անիմաստ է որևիցե դիմադրություն ցույց տալը ։ Ամեն մեկն իր համար իր ապագա անելիքն է փորձում գտնել քաղաքական կյանքում։  Տեսնում են՝ կուսակցության ղեկավարը հրապարակավ որևիցե բան չի ասում ՝ ներքաղաքական գործընթացների վերաբերյալ և կուսակցությունում ժողովրդական լեզվով ասած՝ ամեն մեկը սկսում է իր գլխի ճարը տեսնել»։

Հարցին, թե կարելի է արձանագրել, որ Հանրապետական կուսակցությունը փլուզվում է, և այնտեղից առնետավազք է սկսվում, Բադալյանն ասաց․ «Հանրապետականը փլուզվեց մայիսի 8-ին, երբ հասարակության ճնշումների ներքո ստիպված եղավ կողմ քվեարկել վարչապետի  թեկնածությանը։ Ավելի ճիշտ կարող ենք ասել ՀՀԿ-ն փլուզվեց 1998թ․-ից հետո, երբ լինելով գաղափարակական կուսակցություն սկսեց վերաճել վարչական մի կառույցի, որը իշխում էր, որովհետև ուներ իշխանության լծակներ, և երբ մայիսին զրկվեց այդ լծակներից՝ վարչապետի լծակից, փլուզումը տեսանելի դարձավ։

ՀՀԿ-ն երկու անգամ է փլուզման ենթարկվել՝ գաղափարական՝ 1998թ․-ից, սկսած, և վարչական փլուզման՝ այս տարվա մայիսի 8-ից սկսած»։

Արմեն Բադալյանի խոսքով՝ այս պահին ականատես ենք լինում ՀՀԿ-ի վարչական փլուզմանը, և ականատես կլինենք շատ ավելիին, երբ ԱԺ ընտրություններին չեն մասնակցի, կամ՝ մասնակցելու դեպքում շատ քիչ թվով ձայներ կհավաքեն։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Հանրապետական պատգամավոր Ալիկ Սարգսյանը հայտարարել է, որ դուրս է գալիս ՀՀԿ-ից, Գևորգ Կոստանյանը Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ աջակցում է Նիկոլ Փաշինյանին, իսկ Արման Սահակյանն էլ ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրել է, որ կողմ է այս տարի՝ դեկտեմբերին կայանալիք ընտրություններին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին