Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    486,5

  • EUR

    549
    557

  • RUB

    7,17
    7,42

Կարևոր իրադարձություններ

«Երկիր Ծիրանիի» քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը քվեարկեց

23 Սեպտեմբեր, 2018 12:38
«Երկիր Ծիրանիի» քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը քվեարկեց

«Քարոզարշավը և՛ արդյունավետ, և՛ ոչ արդյունավետ անցավ, որովհետև մենք կարող էինք ներկայացնել, թե ինչպիսին են մեր ազգային պատկերացումները՝ Երևանն այս անմխիթար վիճակից դուրս բերելու վերաբերյալ, մինչդեռ միմյանց նկատմամբ մեղադրանքներ հնչեցին»,- այսօր քվեարկությունից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը՝ ընդգծելով, որ միասնության կարիք կա՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։

«Երևանը փորձադաշտ չէ, որ մեր ուժերը չափենք՝ միմյանց նկատմամբ մեղադրանքներ հնչեցնելու տեսանկյունից։ Երևանը չի հարցնում ոչ մեծ, ոչ փոքր, ոչ այս կամ այն կուսակցության ներկայացուցիչ, ոչ սև, ոչ սպիտակ, այդ թունավոր օդը բոլորս ենք շնչում, և հետևաբար՝ բոլորս պետք է Երևանի խնդիրների լուծմանն ուղղված գործողություններ կատարենք»,- ասաց նա։

Փոստանջյանի խոսքով՝ գործող իշխանությունը ստանձնել է պարտականություն՝ անցկացնել ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ, հետևաբար, սա, ըստ նրա՝ այս իշխանությունների քննությունն է. «Մենք սպասում ենք, թե ինչպես է այս իշխանությունը հանձնելու այս քննությունը, որովհետև իր ձեռքում են այն լծակները, որոնց միջոցով պետք է կանխվեն ընտրակեղծարարությունն ու ապօրինությունները»։

Ընտրակաշառքի մասին ահազանգեր Փոստանջյանը լսել է, բայց փաստեր չկան. «Եթե կան հիմնավոր կասկածներ, ապա միանշանակ պետք է հարուցվեն քրեական գործեր»։

Փոստանջյանը կարծում է, որ ավագանու բոլոր ցուցակներում կան մարդիկ, ովքեր սրտացավ են Երևանի համար. «Սա մի հոգու գործ չէ։ Այս պահին տեսնում ենք, որ նույնիսկ կառավարությունը չի կարողանում իր գործառույթները լիարժեք իրականացնել, որովհետև երկիրը երբ քանդված է, բոլորը պետք է վերականգնողական աշխատանքներին մասնակցեն։ Իսկ Երևանում պետք է ներգրավենք մեր ազգի ողջ ներուժը։ Հետևաբար՝ կցանկանայի, որ բոլորս ներկայացված լինեինք»։

«Երկիր Ծիրանիի» քաղաքապետի թեկնածուն նկատեց՝ մեկ մարդը չի կարող իրականացնել և՛ վարչապետի, և՛ քաղաքապետի, և՛ պաշտպանության նախարարի լիազորությունները. «Մենք պետք է ունենանք մրցունակ կառավարություն, իսկ դա կարող է կազմված լինել ազգի բոլոր հատվածների լավագույն ներկայացուցիչներից։ Մարտահրավերների հաղթահարումը պահանջում է ազգային կոնսոլիդացիա»։

Փոստանջյանը կշնորհավորի այն թեկնածուին, ով կընտրվի քաղաքապետ. «Պետք է հասկանանք, որ գործատուն մենք ենք, մենք ընտրատեղամաս գալիս ենք կնքելու պայմանագիր՝ հետո պահանջելու ենք, որ մեզ մատուցեն որակյալ ծառայություններ։ Քաղաքապետը ծառայություններ մատուցող անձ է, իսկ ծառայությունը հանրային կառավարումն է, դրա փորձն ունենալն է, քաղաքական կենսագրություն ունենալն է»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին