Կարևոր իրադարձություններ

Արփինե Հովհաննիսյանը պատասխանել է Ալեն Սիմոնյանին

13 Սեպտեմբեր, 2018 16:55
Հեղինակ՝ Արփինե Հովհաննիսյան
 Արփինե  Հովհաննիսյանը պատասխանել է Ալեն Սիմոնյանին

Ի գիտություն պարոն Ալեն Սիմոնյանի՝ ԵԽԽՎ-ում ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը և դրա բովանդակությունը քննարկվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ հաստատվել էր ձայնագրության իսկությունը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ ի պատասխան ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե Արփինե Հովհաննիսյանը, չսպասելով, որ հաստատվի՝ ձայնագրությունն իրական է, թե ոչ, արդեն ԵԽԽՎ-ում ասել է, որ նման բան կա։

«Փարիզի ժամանակով հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել ժամը 10-ից 18-ը. (Երևանի ժամանակով 12։00-20.00)։ ԵԽԽՎ և նրա մարմինների գործունեության անգամ մակերեսային իմացությունը ՀՀ ԱԺ պատգամավորին պետք է հուշեր, որ Հայաստանը գտնվում է մոնիթորինգի ենթակա երկրների շարքում, ուստի հենց մոնիթորինգի հանձնաժողովի պարտականությունն է ուսումնասիրել Հայաստանում կատարվող իրադարձությունները։ Հանձնաժողովը իր պարտականությունների շրջանակում մշտական ռեժիմով ուսումնասիրում և ստանում է մոնիթորինգի ենթակա երկրների, այս դեպքում՝ Հայաստանի վերաբերյալ տեղեկատվություն և իր զեկույցների մեջ արտահայտում է զեկուցողների և ԵԽԽՎ տեսակետը։

Ընդհանուր պրակտիկան այն է, որ բոլոր ժամանակներում նշված զեկույցները պատրաստելիս միշտ էլ լսելի էին եղել երկրում տիրող իրադարձությունների վերաբերյալ թե՛ քաղաքական իշխանության, և թե՛ ընդդիմության ներկայացուցիչների տեսակետը։ Ինչ վերաբերում է հարցի՝ արտահերթ քննարկմանը առաջիկա հանձնաժողովի նիստում, ապա դա կատարվում է այն պատճառով, որ Հայաստանում կատարվող իրադարձությունները լուրջ մտահոգություն են առաջացնում ԵԽԽՎ-ում և նրա կառույցներում»,– գրառման մեջ նշում է Արփինե Հովհաննիսյանը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին