Կարևոր իրադարձություններ

Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանք այս պահին չկա․ ՀՔԾ պետ

11 Սեպտեմբեր, 2018 17:14
Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանք այս պահին չկա․ ՀՔԾ պետ

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանք այս պահին չկա: Այս հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը իր և ԱԱԾ պետի հետ հեռախոսազրույցի հրապարակման առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

«Տակտիկապես քննիչն է որոշում երբ առաջադրել մեղադրանքը,  ինչ խափանման միջոց ընտրել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հեռախոսազրույցում խոսք է գնում նաև նախկին պաշտպանության նախկին նախարար, 2008 թվականին ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի մասին, ասվում է, որ իրադարձություններին ներգրավված է եղել նաև Սեյրան Օհանյանը, որ վերջինս «մի ուրիշ այլանդակություն» է արել:

«Սեյրանի մեղքը, գիտես, ինչ հիմնավոր է: Ինքն այդ օրը գիշերը հելնում է, ասում է, որ եթե քաղաքացիներով ինչ-որ բան անեք, ինքը՝ զորքը, ադեկվատ պատասխան կտա, շատ կոշտ:

Այսինքն՝ ինքը սպառնում է ժողովրդին»,- ասում է հեռախոսազրույցում Սասուն Խաչատրյանը:

ՀՔԾ պետը շեշտեց, որ այս ամենը միտված է իրենց կանգնեցնելու: Իսկ թե ում կողմից են նման քայլեր ձեռնարկվում, նա նշեց, որ, բնականաբար, նախկինում իշխանություն ունեցողների կողմից և անձանց, որոնք ներգրավված են կոռուպցիոն սկանդալների, «Մարտի 1»-ի  գործի մեջ:

Նա ներկայացրեց, որ օրինակ՝ «Մարտի 1»-ի գործով հայտնաբերվել է թիվ 0038 գաղտնի հրամանը, որը, չգիտես ինչու, շուրջ 10 տարի քրեական գործում չկար: «Երբ հայտնաբերվեց գաղտնի հրամանը, պարզվեց՝ բանակն այդ իրադարձություններին մասնակցել է, ընդ որում մասնակցել է փետրվարի 23-ից: Գաղտնի հրամանում կատարվել է ձևակերպում, որ ընտրություններն արդար և թափանցիկ գնահատելուց հետո որոշ կազմակերպություններ և անհատներ չեն ընդունում, խժդժություններ են անում »,- ասաց նա՝ նկատելով, որ հրամանն արձակվել է ԿԸՀ-ի կողմից ընտրության արդյունքները հրապարակելուց մեկ օր առաջ: «Մեկ օր առաջ արդեն Ռոբերտ Քոչարյանն ու Միքայել Հարությունյանը գիտեին, որ ԿԸՀ-ը պետք է Սերժ Սարգսյանին ճանաչի հաղթող թեկնածու և միջազգային կառույցները ընտրությունները ճանաչեն»,-ասաց նա:

ՀՔԾ պետը հիշատակեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների տարբեր պատճառաբանությունները՝ 0038 գաղտնի հրամանի հետ կապված: Սակայն նշեց, որ իրենց քննությամբ արդեն հիմնավորվել է, որ բանակը մասնակցել է «Մարտի 1»-ի միջոցառումներին: «Բանակը կրակել է: Բանակը կրակել է մարդկանց բնակարանների ուղղությամբ: Մենք ունենք կոնկրետ ապացույցներ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները ավտոմատ հրազենից  կրակ են արձակել Լեո փողոցի պատշգամբների ուղղությամբ»,- ասաց նա։

 

Լրահոս

Դիտել ավելին