Կարևոր իրադարձություններ

Այսօր արդեն կարելի է ասել, որ մեր զինված ուժերը շատ ամուր թիկունք ունեն. Նիկոլ Փաշինյան

08 Սեպտեմբեր, 2018 23:28
Այսօր արդեն կարելի է ասել, որ մեր զինված ուժերը շատ ամուր թիկունք ունեն. Նիկոլ Փաշինյան

 «Այն, ինչ տեղի է ունեցել ՀՀ-ում, տեղի է ունեցել ուղիղ եթերում և ոչ միայն բուն հեղափոխության գործընթացի առաջին վայրկյանից մինչև վերջին վայրկյանը, այլ, ըստ էության, իմ գործունեությունը եղել է անընդհատ հրապարակային, բոլորի աչքի առաջ». Հանրային Հեռուստաընկերության «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է  վարչապետ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարձագանքի այն դիտարկումներին, ըստ որոնց ՀՀ-ում տեղի ունեցածը մի մեծ քաղաքականության մաս է:
«Ես ասել եմ և չեմ դադարի կրկնել՝ բացառվում է, որ որևէ մեկը բերի որևէ հիմնավորում, որևէ ապացույց, որևէ փաստ, որ որևէ արտաքին ուժ ներգրավված է եղել ՀՀ-ում տեղի ունեցած գործընթացներում և թավշյա հեղափոխության մեջ»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ դա է պատճառը, որ ՀՀ-ում տեղի ունեցածը մենք համարում ենք բացառիկ:
Համեմատելով Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունները և պատասխանելով դիտարկմանը, թե Ադրբեջանի տնտեսական առավելությունը կարո՞ղ է խախտել ռազմական բալանսը՝ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց.

«Կարծում եմ, որ պետությունները, երկրները ունեն շատ ուժեղ ինքնապահպանման բնազդ: Եթե թույլ տաք, կասեմ, որ այն թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը, որ տեղի ունեցավ Հայաստանում, նաև այդ ինքնապահպանման բնազդի մի արտահայտություն էր: Բոլորս էլ հասկանում ենք, որ ստեղծված ներկա աշխարհաքաղաքական պայմաններում մեր տնտեսությունը, մեր ժողովուրդը նոր լիցքի կարիք և անհրաժեշտություն ուներ»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի անվտանգության պահպանման երաշխիքներից տնտեսությունում բարձր տեխնոլոգիաների արտադրությունը զարգացնելն է:
«Մենք տեխնոլոգիական ճեղքման շատ մեծ պոտենցիալ ունենք, պարզապես մեր բոլոր որոշումները, որ պետք է կայացնենք, պետք է միտված լինեն այս խնդիրների լուծմանը,- ասաց նա՝ նկատելով, որ զինված ուժերի մարտունակության բարձրացումը չի կարող կտրված լինել հասարակությունից և տնտեսությունից,- բանակի մարտունակության բարձրացման կարևորագույն պայմաններից մեկը ամուր և ինքնավստահ թիկունքն է, և կարծում եմ, որ այսօր արդեն կարելի է ասել, որ մեր զինված ուժերը շատ ամուր թիկունք ունեն»:
Ինչ վերաբերում է բանակում այսօր եղած ամենակարևոր խնդիրներին, ապա նա նկատեց, որ պետք է ամենաշատը կենտրոնանալ զինվորների, սպայական անձնակազմի կարիքների վրա, ամեն ինչ անել, որ զինվորն ամեն վայրկյան զգա պետության աջակցությունն իր թիկունքում:

 

Լրահոս

Դիտել ավելին