Կարևոր իրադարձություններ

Փայլանը կոչ է արել Մեջլիսին ուսումնասիրել քրիստոնյաների դեմ զանգվածային հարձակումները

07 Սեպտեմբեր, 2018 11:23
Փայլանը կոչ է արել Մեջլիսին ուսումնասիրել քրիստոնյաների դեմ զանգվածային հարձակումները

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը կոչ է արել Մեջլիսին քննության առնել 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում քրիստոնյաների դեմ զանգվածային հարձակումների, կողոպուտի ու սպանության դեպքերը։

Ինչպես գրում է թուրքական demokrathaber.org կայքը, հայազգի պատգամավորը շեշտել է, որ չնայած սեպտեմբերի 6-7-ի դեպքերից անցել է 63 տարի՝ պետությունը մինչ օրս ո՛չ դատապարտել է կատարվածը, ո՛չ ներողություն խնդրել, ո՛չ էլ փոխհատուցել տուժածներին։

Փայլանն ընդգծել է, որ անպատժելիության մթնոլորտի պատճառով հայերի, հույների, հրեաների ու ասորիների դեմ հանցանքները Թուրքիայում շարունակական բնույթ են կրում, և դրա վերջին վառ օրինակներից է պոլսահայ լրագրող, մտավորական ու «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը։

«19-րդ դարի վերջից պետության հալածանքներին բազմիցս ենթարկված ժողովուրդները սեպտեմբերի 6-7-ին ևս մեկ ավերածություն ապրեցին»,- ասել է պատգամավորը՝ պահանջելով ուսումնասիրություն անցկացնել դեպքերի հետ կապված՝ գտնելով մեղավորներին ու հաշվարկելով քրիստոնյա համայնքների կրած վնասը։

Հիշեցնենք, որ 1955-ի սեպտեմբերի 6-ի առավոտյան Ստամբուլում թուրքական մամուլը կեղծ լուր էր տարածել Սալոնիկում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի տան պայթեցման մասին։ Թեև ավելի ուշ պարզ դարձավ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, սակայն Ստամբուլի, Իզմիրի, Անկարայի ու մի շարք այլ քաղաքների քրիստոնեաբնակ թաղամասերի վրա թուրք ազգայնականների զանգվածային հարձակումները չկանխվեցին։ 

Ըստ թուրքական մամուլի՝ դեպքերի ժամանակ մահացել է 11 հոգի: Մինչդեռ հայ և հույն համայնքների պնդմամբ՝ մահացածների թիվն ավելի շատ է: Դեպքերի ընթացքում ավերվել են բազմաթիվ տներ, քրիստոնյաներին պատկանող խանութներ և գործարաններ: Այս հարձակումները պատճառ դարձան բազմաթիվ հայերի և հույների՝ Թուրքիայից արտագաղթելուն, նոսրացան հայ և հույն համայնքները:

 

Լրահոս

Դիտել ավելին