Կարևոր իրադարձություններ

«Առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում». Արթուր Աղաբեկյան

01 Սեպտեմբեր, 2018 16:05
Հեղինակ՝ Արթուր Աղաբեկյան
«Առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում». Արթուր Աղաբեկյան

«Մարտիկ» հիմնադրամի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, և այդ շրջանակում հարցաքննվել եմ՝ որպես «Մարտիկ» հիմնադրամի նախագահ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանը, ում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

«Ինձ մեղադրանք է առաջադրվել հիմնադրամի խնդիրների և ծրագրերի իրականացման ընթացքում հիմնադրամի ֆինանսական ռեսուրսները վատնելու համար։ Մեծ պատրաստակամությամբ, այս օրերին համագործակցել եմ վարույթն իրականացնող մարմնի հետ։ Մանրամասն պատասխանել եմ բոլոր հարցադրումներին՝ համարելով, որ երբեք առիթ չեմ ունեցել հանգամանորեն ներկայացնելու «Մարտիկ» հիմնադրամի իրականացրած մի քանի հարյուրի հասնող հայրենանվեր ծրագրերը։

Թե՛ բարեգործական, թե՛ ռազմահայրենասիրական և թե՛ մարտական ու քարոզչական ծրագրերի իրականացման համար կրել եմ անձնական պատասխանատվություն, որոնք իրականացրել եմ պատվախնդրությամբ, և գտնում եմ, որ գործել եմ բացառապես «Մարտիկ» հիմնադրամի գաղափարի և կանոնադրության շրջանակներում։

Ի գիտություն բոլոր անհանգստացողներին՝ հիմնադրամի հաշվին առկա է 1.241.000 ԱՄՆ դոլար անձեռնմխելի գումար, որը ձևավորվել է 8200 փաստացի մասնակցի ներդրումից (յուրաքանչյուրը 100 ԱՄՆ դոլար է նվիրաբերել «Մարտիկ» հիմնադրամին), և 421.000 ԱՄՆ դոլար բանկային տոկոսներից, որը հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Արցախյան ազատամարտում զոհված 4210 ազատամարտիկների անունից նվիրաբերվել է հիմնադրամի հաշվին և համալրվել է անձեռնմխելի գումարը։

Իսկ զոհված ազատամարտիկների անունները զետեղվել են martik.am կայքում՝ ի հիշատակ նրանց։ 

Բարեկամներիս տեղեկացնեմ, որ չընդունելով մեղադրանքը՝ շարունակելու եմ համագործակցել քննչական մարմինների հետ։ Խոստանում եմ պարբերաբար իմ իրավասության շրջանակում այս մասին տեղեկացնել իմ հեղինակությամբ և «Մարտիկ» հիմնադրամի ապագայով մտահոգվող ընկերներիս և բարեկամներիս»,– նշում է Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն բացահայտել է «Մարտիկ» հիմնադրամից շուրջ 54 մլն դրամի հափշտակման դեպք վատնման միջոցով։ Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ օգոստոսի 29-ին Արթուր Աղաբեկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

 

Լրահոս

Դիտել ավելին